Բելառուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչը կարծիք է հայտնել Ուկրաինայի արեւելքում պատերազմի շարունակվելու վտանգի եւ հակառուսական պատժամիջոցների մասին: Գերմանական Tagesspiegel թերթին տված հարցազրույցում նա մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներքաղաքական հաջողությունները: Ալեքսիեւիչը հայտարարել է, որ պատերազմը Դոնբասում չի դադարել. «Ուկրաինական կոնֆլիկտը ընդամենը ժամանակավորապես մարել է, բայց ցանկացած պահի այն կարող է պայթել»: Ըստ գրողի, այն փաստը, որ Ռուսաստանում որեւէ մեկը հանդես չի գալիս ընդդեմ Դոնբասում ռուսական ագրեսիայի, վկայում է այն մասին, որ ռուսական մտավորականությունը շոկի մեջ է: Ինչ վերաբերում է Ժողովրդին, Նոբելյան մրցանակակրի խոսքով. «Ցավոք, ռուս ժողովուրդը պաշտպանում է Պուտինին, ժողովուրդը ոգեւորված է, որ Ռուսաստանը դարձել է կայսրություն, որից աշխարհում վախենում են»:
Սվետլանա Ալեքսիեւիչը համոզված է, որ Ռուսաստանի դեմ արեւմուտքի պատժամիջոցները օգուտ չեն տա, քանի որ, նրա ձեւակերպմամբ. «Պատմությունը ցույց է տալիս, որ ռուսները կարող են սոված մնալ, մեռնել հանուն գաղափարների, ինչը ուղեղների լվացման արդյունք է»: Գրողը ցավում է, որ Ռուսաստանն այլեւս դեմոկրատ չէ:
«Առավոտ» օրաթերթ
21.11..2015