Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բանակցային սեղանին տարածքների հանձնման տարբերակով լուծման սցենար, այնուամենայնիվ, դրված է

Նոյեմբեր 23,2015 11:03

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան ոչ հաստատեց, ոչ ժխտեց

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը  Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը «Առավոտի» այն հարցին՝ արդյոք կարելի՞ է լուրջ ընդունել ռուսական որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները ղարաբաղյան հակամարտության լուծման՝ ԼՂ որոշ շրջանների վերադարձի տարբերակով սցենարը, պատասխանեց՝ ըստ էության ոչ ժխտելով, ոչ հաստատելով հողերի հանձնման տարբերակի հավանականությունը: Նա մասնավորապես նշեց. «Մենք ունենք գործընթաց: Մինսկի խմբի համանախագահները եւ կառավարության ներկայացուցիչները պաշտպանում են այդ գործընթացը, որն ընթանում է համանախագահների միջոցով: Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին, որոնք նշում եք, բայց վստահ եմ, որ համանախագահներն աջակցելու են բանակցային գործընթացին, որն ի վերջո կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտը» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցից հետո իր հրապարակումներից մեկում այսպիսի սցենարի մասին էր գրել. «Բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով՝ խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայում քննարկվում է, հետեւյալն է՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը՝ պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, եւ հնարավոր է եւս մեկը: Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, սակայն, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիք կարող էր լինել միջազգային խաղաղարարների (ՄԱԿ, ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաեւ Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում բացառել էր նման տարբերակի գոյության հավանականությունը եւ նշել, որ այդպիսով ռուսական տվյալ ԶԼՄ-ն ընդամենը սպեկուլյացիայով է զբաղված: Պարոն Մինասյանը նշել էր. «Ղարաբաղը վերջին անգամ երեւի սկսել են հանձնել 1980-ականների սկզբից, երբ մենք դեռ Ղարաբաղը լիովին չունեինք: Այսպիսի խոսակցություններ տեղի են ունենում նմանատիպ ամեն հանդիպումից հետո: Լավրովի այցը ղարաբաղյան հակամարտության հետ կապ չունի: Պարզապես կան ԶԼՄ-ներ, որոնք համարելով, որ Ղարաբաղի հարցը ամենազգայուններից է, դրա վրա սպեկուլյացիա են անում: Նման իրավիճակի բացառմամբ երաշխիքները գոյություն ունեցող ռազմաքաղաքական բալանսը Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն է: Նման բան հնարավոր չէ: Բոլորը լավ գիտեն, որ այն դեպքում, երբ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների, ինչ-որ մեկի վրա ազդելով՝ իրենք կունենան ավելի վատ իրավիճակ, քան ունեն այս պահին: Որեւէ ձեւով այդ տարածքների փոփոխություններով հակամարտությունը չի լուծվում, նախ դա հնարավոր էլ չէ, ինչո՞ւ պիտի հայերը 25 տարվանից հետո որոշեն, որ այսօր պիտի գնան միակողմանի զիջումների»:

«Առավոտի» դիտարկմանը՝ փաստորեն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան ըստ էության ոչ ժխտեց, ոչ էլ հաստատեց Լեռնային Ղարաբաղի որոշ ազատագրված տարածքների հանձնումով հակամարտության լուծման տարբերակի առկայությունը, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ դրա մեկնաբանությունը կարող է մեկը լինել. ամեն դեպքում, եթե Ղարաբաղի հարցին որեւէ լուծում լինի, ուրեմն ինչ-որ հողերի եւ տարածքների վերադարձ լինելու է Ադրբեջանին: Այսինքն՝ ժամանակ ընթացող բանակցությունները հենց դրա մասին են: Ամբողջ հարցն այն է, թե դրանք ինչ տարածքներ են եւ ինչի դիմաց: Այս հարցերն են, որ դեռեւս պատասխան չունեն, քանի որ ինչի դիմացը ներառում է շատ բաներ՝ դա ե՛ւ ԼՂՀ կարգավիճակն է, ե՛ւ այնտեղ ապրող ժողովրդի անվտանգության խնդիրները, ե՛ւ ՀՀ-ի հետ կապի հնարավորությունները, մի լայն համալիր հարցերի: Պարզ է՝ հողերի վերադարձից խուսափել չի լինի, հարցն այն է, թե դա ինչի դիմաց կլինի: Դա առեւտրի առարկա է. քաղաքականությունը, դիվանագիտությունը նաեւ առեւտուր է: Ըստ էության ընթանում են Ղարաբաղի շուրջ բանակցություններ, դրանց արդյունքում կորոշվի, թե վերջում ինչ է լինելու»: Մեր այն հարցին՝ ռուսական ԶԼՄ-ի տեղեկատվական հոսքը փաստորեն պատահական չէր, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի պատասխանից է՞լ էր հասկացվում, որ հողերի հանձնման տարբերակով լուծում, այնուամենայնիվ քննարկվում է, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Դա Ռուսաստանի դիվանագիտության կողմից կազմակերպված ինֆորմացիոն հոսք էր, որը նպատակ ուներ ստուգել, թե ՀՀ-ում եւ Ադրբեջանում դրա նկատմամբ ինչպիսի արձագանքներ կան: Միարժեքորեն բանակցային սեղանին դրված բոլոր տարբերակներում, ինչ մինչեւ հիմա քննարկվել է, բոլորի մեջ կան այդ բաղադրիչները, նույն այդ մադրիդյան սկզբունքները, փուլային սկզբունքները եւ այլն»: Մեր եզրահանգմանը՝ փաստորեն, ստացվում է, եթե գնում ենք ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման, ապա տարածքների հանձնման հարց է դրվելու, պարոն Ենոքյանն արձագանքեց. «Եթե գնում ենք վերջնական լուծման, դրանից խուսափել հնարավոր չէ, եթե չենք գնում, ուրեմն այդ տարբերակից խուսափում ենք»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30