Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջող սկսված մրցաշրջանն ուզում են հաջող էլ եզրափակել

Նոյեմբեր 23,2015 12:30

Հայաստանի Ավանդական ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի համար մրցաշրջան 2015-ը հաջող է մեկնարկել: Գարնանը Իտալիայում մասնակցելով Եվրոպայի առաջնությանը՝ մարզիչ Արծրուն Օհանյանը կումիտե մրցաձեւում 21-35 տարեկանների մեջ երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ նրա սաներից Արման Պետրոսյանն ու Հարություն Նիկողոսյանը իրենց տարիքային խմբերում դարձել են փոխչեմպիոն: Ընդ որում, Հարությունը անհատական կատայում մեկ անգամ էլ բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Եվրոպայի առաջնությանը հաջորդել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ամռանն անցկացված միջազգային ուժեղ մրցաշարը, որտեղ նույնպես Արծրուն Օհանյանը հավասարը չի ունեցել: Հասմիկ Ղազարյանը դարձել է կրկնակի արծաթե, իսկ Ջոն Երեմյանը՝ բրոնզե մեդալակիր: Վերջին երկուսը մասնակցել են պատանիների պայքարին
Այս օրերին Արծրուն Օհանյանն իր սաների հետ նախապատրաստվում է դեկտեմբերի 1-ից 7-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Մասնակցելու ենք չորս մարզիկով՝ ես, որ կրկին լինելու եմ նաեւ թիմի մարզիչը, Արման Պետրոսյանը եւ Ջոն Երեմյանը: Հայաստանից մրցավայր մեկնելու ենք երեքով, իսկ Բելգրադում մեզ կմիանա նաեւ մեր բարձրակարգ մարզիկներից Հունան Ավետիսյանը, որը բնակվում եւ մարզվում է Իսպանիայում, սակայն հանդես է գալիս Հայոց Եռագույնի ներքո: Նախորդ աշխարհի առաջնության հետ համեմատած այս մեկն ավելի ներկայացուցչական կազմ է հավաքել: Մասնակցության նախնական հայտ ներկայացրել է արդեն 60 երկիր, այդ թվում այնպիսի հզոր հավաքականներ, ինչպիսիք են Ճապոնիան, Բրազիլիան, Կուբան, Արգենտինան, ԱՄՆ-ը, Կանադան, Ռուսաստանը, Ռումինիան, որը Եվրոպայում մեր մարզաձեւում եղանակ ստեղծող երկիր է եւ աֆրիկյան երկրները: Պայքարն անհամեմատ դժվար է լինելու, հետեւաբար, մեդալ նվաճելն էլ՝ բարդ: Բայց դա մեզ թեւաթափ չի անում: Հակառակը՝ մարզվում ենք ավելի նպատակասլաց եւ մեկնում անպայման մեդալ բերելու վճռականությամբ: Որպես մարզիչ հարկ եմ համարում ասել, որ հատկապես մեր պատանի կարատեիստները՝ Արման Պետրոսյանը եւ Ջոն Երեմյանը, որոնք Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես գալով ու մրցակցական փորձ չունենալով մեդալներ նվաճեցին, այս ընթացքում բավականին մեծ աճ են գրանցել թե վարպետության, թե ֆիզիկական պատրաստվածության, թե հոգեբանական պատրաստվածության տեսանկյունից: Այնպես որ, ես նրանց հաջողությանը հավատում եմ», – ասաց սեն-սեյ Արծրուն Օհանյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30