Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Քաղաքական հավատարմությունը դրվատանքի արժանի երեւույթ է»

Նոյեմբեր 23,2015 10:52

Տաճատ Վարդապետյանը`դպրոցներում քարոզչություն իրականացնելու մասին

-Հավատարմություն հայտնելու հերթական շրջանն է սկսվել. շաբաթ օրը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն է հայտարարել սահմանադրական բարեփոխումների գործընթացին աջակցելու մասին, կիրակի օրը`«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը: ՀՀԿ-ականների մոտ առավել շատ «այո» ապահովելու մրցավա՞զք է սկսվել:

-Ես դա մրցավազք չեմ համարում: Բայց եթե մրցավազք եք ասում, ապա դա էլ դրական իմաստով կարելի է մեկնաբանել: Վերջապես, «այո»-ն էլ դրական հասկացություն է: «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը եւ մեր քաղաքացիական նախաձեռնությունն այսօր չեն ծնվել եւ այդ հավատարմությունն էլ նույնպես այսօրվա դրսեւորում չէ: Մենք ավելի քան տասը տարի ՀՀԿ քաղաքական կառույցի հետ սերտ համագործակցում ենք: Այնպես որ, այո, քաղաքական հավատարմությունը նույնպես դրվատանքի արժանի երեւույթ է եւ մենք մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, թույլ տվեք այդպես ասել, որովհետեւ դա իրականության հետ կապ ունի, ու համախոհներին կոչ արեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ «այո» քվեարկեն:

-Ձեր նշած հարյուր հազարավորից քանի՞սն են, որ հետաքրքրված են սահմանադրական բարեփոխումների գործընթացով ու կարծում են, որ առկա խնդիրների լուծումը պայմանավորված է հենց սահմանադրական բարեփոխումներով:

-Վիճակագրություն չեն կարող ներկայացնել, բայց վիրահայերի թիվը գերազանցում է կես միլիոնը: Մեր միավորումը միավորում է Վրաստանում ապրող բոլոր հայերին, որի ողնաշարը Ջավախքն ու ջավախահայությունն են: Հարգանք ունենալով բոլոր կազմակերպությունների նկատմամբ, ասեմ, որ մեր կազմակերպություն մեջ միավորվել են «Թիֆլիսեցիների միջազգային ասոցիացիան», «Ախլցխա», «Էրզրում» միությունները, ուստի հարյուր հազարավոր համախոհների քանակը որեւիցե զարմանք չպիտի առաջացնի: Մեր կազմակերպությունը տասը տարուց ավելի ՀՀԿ-ի հետ է քայլում, նրա հավատարիմ զինակիցն է: Մենք այս տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ գաղափարական ընդհանրությունների առումով արդյունքներ գրանցել, հիմա նաեւ գաղափարակիցներ ենք:

Վրաստանի հայերի մեջ, իհարկե, կան մարդիկ, ովքեր «ոչ»-ի կողմնակից են, կան որ, ոչ «այո»-ին, ոչ էլ «ոչ»-ին չեն մասնակցում: Բայց ծանրակշիռ է «Վիրահայերի միասնություն» կազմակերպության դերն`ի դեմս նաեւ նրա պատվավոր նախագահ Նորայր Թեւանյանի, որը Մոսկվայի անկախ մշակութային միության ղեկավարն է: Այնպես որ, մենք բավական արդյունավետ ընթացք եւ լրջագույն արդյունք ենք ապահովելու սահմանադրական բարեփոխումների «այո»-ին:

-Խոսակցություններ կան, որ մարզպետներին, ՀՀԿ-ական պատգամավորներին, իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկներին հանձնարարված է որոշակի քանակությամբ «այո»-ի ձայներ ապահովել: Ձեզ նման հանձնարարություն տրվե՞լ է, քանի՞ ձայն պիտի ապահովեք:

– Ոչ: Նման հանձնարարություն ոչ ոքի չի տրվել, քարոզչությունն էլ անցնում է շատ թափանցիկ եւ հստակ: Քարոզչությունը կարվի, յուրաքանչյուր մարդ կորոշի`ինքն «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի կողմնակից է:

Մեր ընդդիմադիր գործիչները, որոնց նկատմամբ նույնպես մեծ հարգանք ունեմ, կարծում եմ, որ նրանք էլ հայրենիքի հոգսով մտահոգ մարդիկ են, այս պարագայում, ճիշտ կանեին, որպեսզի ընդունեին այս բարեփոխումները: Պատճառաբանությունները, որոնք բերվում են, հիմնավոր չեմ համարում: Անձի վերարտադրության համար, ինչը կարծես հիմնական փաստարկն է, գործող սահմանադրությունն էլ է հնարավորություններ տալիս: Ես, ընդհանրապես կարծում եմ, որ անձնակենտրոն համակարգը պիտի մարդակենտրոն դառնա: Ո՞վ է ասում, որ եթե պատասխանատվությունը մեկի վրա է ընկնում, ավելի արդյունավետ է: Հակառակը, ես կարծում եմ, որ կոլեգիալ կառավարումն ավելի արդյունավետ է լինելու`դրանից հետեւող բոլոր դրական ձեռքբերումներով:

-ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց դպրոցներում իրականացվող քարոզչության մասին: www.1in.am-ին տված մի հարցազրույցում Դուք, ի հեճուկս ՀՀԿ-ական մյուս գործընկերների, կարծես հաստատել էիք Զուրաբյանի մտավախությունները `ասելով, որ քարոզչության նպատակով գնալու եք Գառնու թիվ երկու դպրոց:

– Այո, ԿԸՀ-ի կայքում կա տեղադրված դպրոցների ցանկ, որոնց դահլիճները կարող են օգտագործվել քարոզչության համար`ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին: Ես ասել եմ, որ գնալու ենք`կարծելով, որ այդ դպրոցն էլ է ընդգրկված այդ ցանկում: Եթե ընդգրկված չէ, իհարկե չենք գնա: Ի դեպ, ես այդ դպրոցի կառավարման խորհրդի անդամ եմ: Այն կրում է արցախյան պատերազմում զոհված իմ ուսանողական ընկերոջ` Դերենիկ Աբրահամյանի անունը: Ես այդ դպրոց հաճախ եմ այցելում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30