Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անկախությունը եւ մեր մշակույթը-3

Նոյեմբեր 23,2015 12:00
ankaxutyun

Երբ անցյալ դարավերջին Հայաստանն անկախացավ, շատերն էին համոզված, որ խոսքի ազատության եւ գրաքննության բացակայության պայմաններում Հայաստանում մշակութային բում է տեղի ունենալու, եւ Հայաստանը, «Ջերմուկից» եւ այլնից բացի, նաեւ իր մշակույթով է իր անկախությունն ապահովելու եւ աշխարհին զարմացնելու:
Բայց համաձայնվեք, որ ակնկալված մշակութային բումը տեղի չունեցավ, եւ մենք այսօր շարունակում ենք հպարտանալ մեր մշակույթի այն գործիչներով, որոնցով նախքան մեր անկախանալն էինք հպարտանում:

Համաձայնվեք նաեւ, որ այսօր Հայաստանում մշակույթի զարգացման համար ոչ պարարտ հող կա եւ ոչ էլ պայմաններ: Պայմաններ ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք մշակույթի գործիչների սոցիալական վիճակն ու սոցիալական պայմանները: Հատկապես անմխիթար է մշակույթի այն գործիչների սոցիալական վիճակը, ովքեր կոչված են իսկական ու բարձր արվեստ ստեղծել: Թատրոններում գլխավոր դերեր կատարող մեր շատ թե քիչ հայտնի արտիստները չնչին աշխատավարձ են ստանում, փոխարենը՝ լավ են վարձատրվում միանգամայն անհայտ ու ինքնակոչ դերասանները, որոնք նկարահանվում են տարատեսակ ու անորակ սերիալներում: Միջակ մի կոմիկ մի հարսանիքի թամադայությունից կարող է այնքան փող ստանալ, ինչքան որ մի նորմալ դերասանը թատրոնում իր մի ամբողջ տարվա աշխատանքի դիմաց:

Մի խոսքով՝ շուկայական հարաբերություններ են, եւ էս շուկայական հարաբերություններից տուժողն առաջին հերթին մեր մշակույթն է, ընդ որում՝ իսկական ու զտարյուն հայ մշակույթը, որի մասին շատերն են խոսում եւ քչերն են մտածում, եւ չնայած բոլորս միահամուռ ու լիաբերան ասում ու շեշտում ենք, որ մեր երաժշտության հիմքերի հիմքը Կոմիտասն է, այդուհանդերձ՝ մեզանում Կոմիտասն ավելի շատ հոգեհանգստյան արարողությունների վայրերում է հնչում, քան համերգասրահներում, որովհետեւ մեր համերգասրահները հույժ զբաղված են առավել շուկայական երգերով ու երաժշտությամբ, եւ չնայած վերջերս միահամուռ կերպով Արմենչիկին դարձրինք քավության նոխազ, իրականում Արմենչիկը մենք ենք, ավելի ճիշտ՝ մեզանից նրանք, ովքեր որ իր համերգների տոմսերը ձեռից ձեռ են խլխլում, եւ եթե Արմենչիկին վաստակավորի կոչում չտային, եւ շարունակեինք իր համերգասրահները մեզնով լեփ-լեցուն պահել, երաժշտական արդարությունն առանձնապես չէր հաղթանակելու, եւ չնայած երաժշտագիտությունից չափազանց հեռու եմ, համարձակվում եմ ասել, որ մենք Կոմիտասին միանգամայն իրավացիորեն մեր երգարվեստի գագաթը համարելով՝ երբեմն հանիրավի սահմանափակվում ու հանիրավի «ջահելացնում» ենք մեր երգարվեստը՝ մոռանալով, որ Կոմիտասից առաջ Սայաթ-Նովա ենք ունեցել, իսկ Սայաթ-Նովայից էլ շատ առաջ՝ հոգեւոր ընտիր ու բացառիկ երաժշտություն ու երգարվեստ՝ գումարած մեր ողջ երաժշտական ֆոլկլորը, որի ընդամենը մի մասն է Կոմիտասը հասցրել մշակել ու ներկայացնել: Ցավոք սրտի, էս թվարկածս երաժշտական արժեքները (գումարած Ջիվանին ու մյուսները) եւս այսօր հաստատուն ու մշտական տեղ չունեն մեր համերգասրահներում: Եվ վերստին՝ շուկայական հարաբերությունների պատճառով:
Ո՞րն է ելքը: Ելքը, կարծում եմ, միակն է: Մենք ոչ թե պիտի Արմենչիկի երաժշտական կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվենք, այլ առաջին հերթին՝ մեր իսկ երաժշտական դաստիարակությամբ ու ինքնակրթությամբ:

Պիտի շարունակենք անել այն, ինչն անկախության առաջին տարիներին սկսել էր անել Ճգնավորյանը: Եթե դեռեւս չեք մոռացել, անկախության առաջին տարիներին Լորիս Ճգնավորյանն անվճար համերգներ էր կազմակերպում՝ հիմնականում դպրոցականների ու պատանիների համար: Մեջներիս համեստներն ու անհավակնոտներն առիթից օգտվելով՝ մեր երեխաներին Ճգնավորյանի էդ անվճար համերգներին տանում ու ձեռի հետ էլ ինքներս էինք երաժշտական գիտելիք ու դաստիարակություն ստանում, մինչդեռ մեջներիս հավակնոտներն ու «ամենագետները» հանիրավի քննադատում եւ նույնիսկ ծաղրում էին Ճգնավորյանին, ով, փաստորեն, իսկապես ճգնավոր էր եւ հոգեւոր բարձրակարգ սնունդ էր մատուցում հոգով աղքատներիս: Ընդ որում՝ միանգամայն անվճար:
Իսկ նրանք, ովքեր քննադատում ու նույնիսկ ծաղրում էին Ճգնավորյանին՝ վերջինիս կատարումներում քթիմազորեն «ֆալշեր» հայտնաբերելով, հիմա ամբողջովին Արմենչիկով են զբաղված եւ անհասկացողներիս աջուձախ բացատրում են, թե՝ ազգի համար ինչքան վնասակար ու վտանգավոր բան է ռաբիսը:

Ինչ վերաբերում է մշակութային ճգնավորներին ու անձամբ Ճգնավորյանին, նրանք մեզանում այլեւս տեղ չունեն եւ ապագայում էլ տեղ չեն ունենա՝ միանգամայն պարզ ու հասկանալի պատճառով. իրենց այսօր որեւէ մեկն անվճար համերգասրահ չի տրամադրի, որպեսզի իրենք էլ մեր երեխաների ու մեզ համար անվճար համերգներ կազմակերպեն:
Որովհետեւ շուկայական հարաբերություններն ամբողջովին սողոսկել են մշակույթի բնագավառ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
21.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Եվրոպական մեծ արվեստը զարգացել է հենց շուկայական հարաբերությունների պայմաններում: Պետությունը չէ, որ վճարել է Բեթհովենին կամ Գյոթեին, այլ` առաջին հերթին զարգացած մշակութային շուկան: Ցավոք` տարբեր պատճառներով, մեզանում մշակութային շուկան չի զարգանում, այլապես` ամեն ինչ կնգներ իր տեղը … Հարգանքով` Աշոտ Բաբայան

  2. Վերևում` ,,կնգներ,,-ը կարդալ` կընկներ … ներեղություն տառասխալիս համար

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30