Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այդ միանգամից կայացված որոշումների արդյունքը տեսել ենք». Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 21,2015 23:10

ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր «այո»-ի քարոզարշավի շրջանակներում թալինցիներին կոչ արեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կողմնորոշվել ոչ թե այն մտքով, որ որեւէ քաղաքական ուժ այդ փոփոխություններով կվերարտադրվի, այլ որ կառավարման նոր ձեւի անցումը մեզ համար շատ կարեւոր է:

«Գիտակցված ընտրությունն է կարեւոր, առանց դրա ոչ մի փաստաթուղթ կյանք չի դառնա: Եթե մարդը համոզված չեղավ, որ իր արած գործն արդար է ու ճիշտ, ապա առանց այդ հավատի հնարավոր չէ առաջ գնալ: Երբ մենք հետահայաց նայում ենք մեր ժողովրդի անցած ճանապարհին, տեսնում ենք, որ Հայաստանի ժողովուրդը մեծամասամբ դժգոհություն է հայտնում թե իշխանություններից, թե երկրի վիճակից: Դժգոհություն հայտնում է թե եկամուտ չունեցողը, թե եկամուտ ունեցողը, թե իշխանավորը, թե ընդդիմությունը: Ստացվում է, որ եթե առկա է դժգոհություն, ապա պարտավոր ենք լուծել այդ հարցը, ոչ թե իրար մեղադրել ու իրար մեջ թշնամի փնտրել»,- ասաց պատգամավորը:

Նրա մեկնաբանմամբ, մինչեւ այժմ եղած գործող Սահմանադրություններում կարմիր թելով անցնում էր այն, որ քաղաքացիները պետք է սպասարկեն Սահմանադրությանը, և անձնակենտրոն, միակենտրոն համակարգի պարագայում քաղաքացին դառնում էր ծառայություն մատուցող, մինչդեռ պետք է հակառակը լինի, պաշտոնական անձը ինքը պետք է ծառայություն մատուցի քաղաքացուն:

Իսկ նոր Սահմանադրությունը, ըստ պատգամավորի, պարտադրելու է իշխանություններին գործել սահմանադրության համաձայն, որ թղթի վրա միայն չգրվի, թե Հայաստանը սոցիալական,իրավական, ժողովրդավարական պետություն է, բայց իրականում լինի թշվառ:

«Այսօր մեր սահմանադրական նորմերն ամեն ինչ արել են, որ սահմանադրական ճանապարհով ժողովուրդը չկարողանա իր կամքի համաձայն իշխանություն ձեւավորել, իշխանափոխություն անել: Որովհետեւ ամբողջ ռեսուրսները կենտրոնացված են իշխանության ձեռքին, իսկ մարդն այդ ռեսուրսները սպասարկող անձ է»,- շարունակեց պատգամավորը՝ նշելով, որ քաղաքացիները հիասթափվում են արդարադատություն չգտնելով, իսկ նոր Սահմանադրությունը նաեւ անկախ դատարանի կառուցումն է երաշխավորում. «Մեր դատական համակարգը իրար հետ կապակցված է ու ընդհանուր ղեկավարվում է մի կենտրոնից, այս պորտալարը պետք է կտրել»:

Նա նաեւ բացատրեց, որ սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվելու է ոչ թե մինչեւ յոթանասուն տարեկանը, այլ տասներկու տարով ու վերընտրվելու իրավունք չի ունենալու:

Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, պարոն Մինասյանը ասաց, որ այն հաշվետու է լինելու իր արած-չարածի համար, իսկ ԱԺ-ն ցանկացած չաշխատող նախարարին կարող է անվստահություն հայտնել:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանը խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում ինչպես է լայնածավալ պատերազմի դեպքում գործելու, եթե նախագահն էր գլխավոր հրամանատարը, պարոն Մինասյանը բերեց մշտապես պատերազմի մեջ գտնվող Իսրայելի օրինակն ու հարցրեց՝ ինչպե՞ս են Իսրայելում անում, այնտեղ էլ է խորհրդարանական կառավարման համակարգ. «Գերագույն հրամանատարի լիազորությունները վարչապետին է փոխանցվում»:

Իսկ ԵՏՄ-ի անդամ Հայաստանը նոր Սահմանադրության դեպքում կբանակցի վարչապետի մակարդակով. «Դա լավ է, որ վարչապետն է գնում բանակցությունների, որովհետեւ միանձնյա՝ նախագահի մակարդակով միանգամից սեղանի շուրջ որոշումներ կայացնելը ճիշտ չէ, մենք այդ միանգամից կայացված որոշումների արդյունքը տեսել ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովհաննես Հովհաննիսյան says:

    Ոչ թե ժողովուրդն է դա ուզում,այլ ոմանց հավանաբար դա է ձեռնատու: Հիմա անգրագետների հաղթարշավի ժամանակներ են,իսկ գրագետ լինելն ու դիմացինից գրագիտություն պահանջելը հավանաբար մահացու մեղք է…Օրինակ՝Առաջին ատյանի դատարանի դատավորը կայացրել է վճիռ՝ 27 ուղղագրական սխալ կատարելով տեքստի մեջ…միթե՞ սա վիրավորանք և արհամարանք չէ քաղաքացու նկատմամբ: Դատավորներին պաշտոնի է նշանակում Նախագահը,և, հետևաբար անգրագետ դատավորը առաջին հերթին նրա և պետության հեղինակությունն է գցում,քաղաքացու մոտ պետական համակարգի նկատմամբ առաջացնելով հարգանքի ու վստահության կորուստ: Այս մասին գրել եմ թե Նախագահին,թե Արդարադատության Խորհրդին ու նախարարին,սակայն… նրանց պատասխաններից պարզվել է, որ ոչ մի “սարսափելի” բան էլ տեղի չի ունեցել,քանի որ “այդպիսով դատական համակարգը ամբողջությամբ չի հեղինակազրկվել”…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30