Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը քննադատում է Հայաստանի սահմանադրական հանրաքվեն

Նոյեմբեր 21,2015 22:45

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն այսօր Կիևում բանաձև է ընդունել Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ. «Ֆորումին մասնակցում են Արևելյան գործընկերության 6 երկրների քաղաքացիական հասարակություններին ներկայացնող պատվիրակներ»:

Բանաձեւը, որում ժողովրդավարական չափանիշներին ոչ համապատասխան է որակվել Սահմանադրության փոփոխման գործընթացը՝ ընդունվել է  91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Բանաձեւի թարգմանությունը ներկայացնում ենք ըստ nopasaran.am կայքի:

«Մենք՝ Կիևում անցկացվող՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Ֆորումի 7-րդ վեհաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանում առկա՝ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու գործընթացը բազմաթիվ բաղադրիչներով չի համապատասխանում ժողովրդավարական նորմերին:

Մեր մտահոգությունն են առաջացնում սահմանադրական փոփոխությունների մշակման և քարոզչության գործընթացները, այդ թվում՝ քաղաքացիներին տեղեկացնելու մասով հավասար հնարավորությունների ապահովումը և քվեարկողների ցուցակների կազմման աշխատանքները, որոնք իրականացվում են ակնհայտ խախտումներով և այժմ արդեն անվստահություն են ներշնչում հանրաքվեի վերջնական պաշտոնական արդյունքների հանդեպ:

Հիշեցնում ենք, որ Հայաստանի ազգային պլատֆորմն ավելի վաղ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը ժամանակավրեպ է և չի բխում հասարակության և պետության շահից, այլ արտացոլում է բացառապես ստեղծված քաղաքական կոնյուկտուրան:

Մեզ համար անընդունելի է, որ հասարակական ռեսուրսը միակողմանիորեն օգտագործվում է իշխող կուսակցության միակողմանի քարոզչության համար և իշխանության վերարտադրության շահից ելնելով:

Մենք ընդգծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության նախագծում պատշաճ տեղ չեն գտել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրները:

Հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրության այս փոփոխության գործընթացը չի նպաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ընդունմանը մասնակցելու իրավունքի իրացմանը և այս հանգամանքն արժանի է բոլոր այն միջազգային կառույցների ուշադրությանը, որոնց առաքելությունն է մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը»:

banadzev

Լուսանկարները՝ Հրայր Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30