Լրահոս
Օրվա լրահոսը

Չփչացնել անձնական հարաբերությունները

Նոյեմբեր 21,2015 23:45

Բոլոր քարոզարշավները, որոնք ես լուսաբանել եմ 1995 թվականից սկսած, անցնում են նույն ձեւով: Իշխանությունը ցանկանում է բացատրել, որ թեեւ այսօր վատ է, վաղն ավելի լավ է լինելու՝ չնայած պարզ չէ, թե դրա համար ինչ նախադրյալներ կան: Ընդդիմությունն էլ նպատակ ունի բարձրացնել դժգոհության եւ բողոքի աստիճանը: Դրա հանար քիչ բան է պետք՝ երբ որեւէ մարդ բողոքում է իր սոցիալական վիճակից եւ, իր տեսանկյունից, անարդարությունից, անհրաժեշտ է սլաքն ուղղել ՀՀ նախագահի վրա: Եվ եթե ընդդիմադիրի ճառում 5 րոպեում 20 անգամից ավելի երկրի առաջին դեմքի անունն է հնչում, ուրեմն համարեք, որ ելույթը հաջողվել է:

Նույն 20 տարվա փորձը ցույց է տալիս, որ «տրտունջ կորզելու» քարոզչական մարդավարությունը ոչ մի օգուտ չի բերում. տրտնջացող մարդիկ հեղափոխություն չեն անում, նրանք կամ հարմարվում են կամ փախչում են: Հեղափոխություն են անում ինչ-որ դրական գաղափարի շուրջ միավորված անհատները: Բայց այդ քարոզչությունն իրենց՝ ընդդիմադիրների գործն է, իրենք գիտեն:

Ինձ միշտ հուզել է մեկ այլ բան: Ատելություն եւ անեծքներ կորզելով, մարդը չի կարող սահմանափակվել մեկ անձով, նա ստիպված է այդ զգացմունքը սփռել ոչ միայն իր քաղաքական հակառակորդների, այլեւ բոլոր նրանց վրա, որոնց սրտում ատելություն չկա: Եվ այդ բոլոր քարոզարշավների գլխավոր ու թերեւս միակ արդյունքն այն է, որ մարդիկ փչացնում են անձնական հարաբերությունները:

Ես, փառք Տիրոջը, արդեն կարողանում եմ դրանից խուսափել: Քաղաքական վայրիվերումներն իմ անձնական հարաբերությունների վրա չեն ազդում: Ընդհանրապես՝  ներկայումս աշխարհում միայն երկու հոգի կա, որոնց ես սկզբունքորեն չեմ բարեւում: Բայց քաղաքականությունն ու քարոզարշավներն այստեղ կապ չունեն: Ավելին ասեմ՝ անձամբ ես կապ չունեմ. եթե նրանք վիրավորեին, թեկուզ վերջին խոսքերով հայհոյեին ինձ, ես վաղուց նրանց ներած կլինեի: Բայց նրանք շատ ստոր ձեւով նեղացրել են իմ ընկերներին: Մեկի դեպքում այդ խարանից մաքրվելը բավականին հեշտ է՝ նա պետք է գիտացի իր սխալը եւ իմ այդ ընկերոջից ներողություն խնդրի: Երկրորդ դեպքն ավելի բարդ է՝ իմ ընկերը, որին վիրավորել են, այլեւս մեզ հետ չէ: Եթե այդ վիրավորողը հավատացյալ է, նա, երեւի, պետք է գնա եկեղեցի եւ ապաշխհարի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Karen says:

    Պարոն Աբրահամյան, լավ բարոյախրատական գրություններ եք հրապարակում: Մեր մի ընկերոջն էլ ժամանակին Դուք վիրավորեցիք Ձեր թերթի էջերում՝ թեթևությամբ տպագրելով բամբասանքի մակարդակի տեղեկություններ, առանց դույզն-իսկ ստուգելու: Ձեզ ուղղեցին, Դուք առևերույթ ընկրկեցիք, բայց հետո ինչ-որ բան խեղդում էր ու երկնեցիք. ՛՛Մի հերքեք անհերքելին՛՛: Մարդն այսօր չկա, իսկ Ձեր մեղքի բաժինը սպասում է Ձեր ապաշխարությանն ու Ձեր եկեղեցի գնալուն: Չմտածեք, թե մահախոսականով ուղղեցիք այն, ինչը որ ժամանակին պղտորել էիք: Իհարկե, ոչ ոքի այսօր պետք չէ Ձեր մեղա գալը, բացի Ձեզնից:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց վստահ եմ, որ 21 տարում նաեւ սխալ տեղեկություններ ենք տպագրել: Ինչպես եւ աշխարհի բոլոր թերթերը:

  2. Karen says:

    Գիտեք, ինչ-որ տեղ հավատում եմ, որ անկեղծ եք, թեև վստահաբար շատ մահախոսականներ չեք գրել, այն էլ Ձեր հասկացողությամբ՝ ՛՛պետական պաշտոնյայի՛՛ մասին: Իրոք, երևի անկեղծ եք, քանի որ մարդկանց վրայով Դուք էլ եք թեթևությամբ անցնում… Ինչպես եւ աշխարհի բոլոր թերթերը:

  3. Roubina Ohanian says:

    Ես բան չհասկացա, այնքան անորոշ է: Կարծում եմ թերթերում հրապարակվածները պիտի հասկանալի լինի բոլոր ընթերցողների համար: Իսկ եթե ակնարկը անձնական բնույթ ունի, ուրեմն կարելի է առանձին գրել՝ անձնական Էլ-նամակով կամ կապի ուրիշ միջոցներով: Եթե պիտի որևէ բան հրապարակվի՝ ամենի համար, ուրեմն պարտադիր պիտի նշվեն անուններ, դեպքերն ու այլ մանրամասնությունները: Ո՞վ են այդ երկու հոգին, հարցն ի՞նչ է, ով ո՞ւմ է վիրավորել: Ես բան չհասկացա, և անորոշ էր:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30