«Ես Հայաստանը շատ եմ սիրում, Հայաստանն իմ հայրենիքն է»,- ասում է պարող, գեղասահորդ Գևորգ Մանուկյանը:
Ամերիկաբնակ մեր հայրենակիցն այս օրերին Հայաստանում է գտնվում, քանի որ նա էլ պիտի մասնակցեր նախօրեին` նոյեմբերի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված «Սառույցի թագավորները» շոու ծրագրին, որը, սակայն, հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով, քանի որ ծրագրում ընդգրկված էին նաև Ֆրանսիայի քաղաքացիներ:
Կազմակերպիչները վստահեցնում են, որ 2016 թվականի մարտի 5-ին անպատճառ կկայանա խոստացված համերգը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գևորգ Մանուկյանն ասաց, որ երկրորդ անգամ է Հայաստանում գտնվում: Առաջին անգամ 4 տարեկանում է եղել. «Իմ ժողովրդի առջև հանդես գալը պարտավորեցնող է: Շատ էի ուզում այստեղ մի այնպիսի բան անել, որը կհիացներ բոլորին, սակայն տեսանք, թե ինչ եղավ: Անհամբեր սպասում եմ մարտի 5-ին: Հուսով եմ, որ կհաջողվի անել այն, ինչն ուզում էինք անել երեկ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Գևորգ Մանուկյանը պարողի իր կարիերան սկսել է 17 տարեկանից, երբ առաջին անգամ մասնակցել է ամերիկյան «So you think you can dance» ծրագրին. «Քանի որ ծնողներս գեղասահորդներ են, դյուրին եղավ նաև անցումը գեղասահքի, որով զբաղվում եմ արդեն 5 տարի»,- ասաց Գ. Մանուկյանը:
Այս տարիների ընթացքում նաև համագործակցել է այնպիսի հայտնի երգչուհիների հետ, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Փինկը, Նելլի Ֆուրտադոն. «Համաշխարհային աստղերի հետ համագործակցելը դժվար չէ, նրանք պարզ մարդիկ են, բարեհամբույր: Որևէ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել, հակառակը՝ նրանք քեզ ոգևորում են ու աջակցում»,- ասաց Գևորգ Մանուկյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ