Ինֆորմացիան շուտ փչացող ապրանք է: Եթե, իհարկե, արդեն փչացած չէ: Եթե, իհարկե, ինֆորմացիա է:
Ի՞նչ առանցքային բառեր են անհրաժեշտ այս օրերին՝ ընթերցողների ուշադրությունը գրավելու համար. տեղական շուկայի համար՝«եսիմ», որ մի բանով տարբերվի այո/ոչ-ից, իսկ տեղական և միջազգային շուկաները միասին «տակնուվրա» անելու համար՝ զինյալ և Փարիզ: Իսկ եթե այս բառերին ավելացնես մաֆիա և սպանել…. մնացածն արդեն տեխնիկայի հարց է:
Եվ եթե անգամ հայաստանյան լրատվամիջոցների խիզախությունը չի բավականացնում իր նախաձեռնությամբ նման առանցքային բառերով այդ բոյի ինֆորմացիա հորինել, նրանք առանց աչք թարթելու օգտվում են այլոց հորինածներից:
«Փարիզյան սրճարանում կոլումբիական մաֆիոզները սպանել են ԻՊ զինյալներին»: Այս վերնագրով նյութը կայքում հայտնվել է նոյեմբերի 21-ին ժամը11:29-ին: Այն պատմում է, որ իբրև թե ԻՊ զինյալները ներխուժել են Փարիզի սրճարաններից մեկը և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա: Սակայն այստեղ են եղել կոլումբիացի նարկոկարտելի երեք հետախուզվող անդամ, որոնք իրենց մոտ եղած զենքով պատասխան կրակ են բացել և սպանել ահաբեկիչներին: Այս ֆանտաստիկ պատմության վերջաբանն արդեն տրագիկոմեդիայի ժանրից է. «Ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կոլումբիացիներին: Հիմա ֆրանսիացի իրավապահների առաջ հարց է կանգնել՝ ի՞նչ անել ձերբակալվածների հետ, որոնք, ըստ էության, կանխել էին ևս մեկ ահաբեկչություն մի երկրում, որը դեռ ուշքի չի եկել նոյեմբերի 13-ի ահաբեկիչների հարձակումներից: Ամենայն հավանականությամբ կոլումբիական մաֆիոզիներին կհանձնեն Կոլումբիայի իշխանություններին, հայտնում են լրատվամիջոցները»:
Կարդացեք նաև
Լուրը րոպեներ անց նույնությամբ հայտնվում է հայաստանյան մի քանի այլ կայքերում. lratvakan.am-ում՝ ժամը 12:13-ին, artsakhpress.am-ում՝ 12:05-ին, hayeli.am-ում՝ նույնպես նոյեմբերի 21-ին, սակայն ժամը նշված չէ:
Հոդվածը, որքան էլ օդից վերցրածի տպավորություն է թողնում, այնուամենայնիվ, այն ակտիվ հղում ունի, որը տանում է «Ռեն ՏՎ»-ի նույն բովանդակությամբ նյութին, որը հրապարակվել է նոյեմբերի 20-ին, ժամը 23.18-ին: Այն տարբերությամբ, որ այստեղ որևէ հղում չկա, բացառությամբ «հայտնում են լրատվամիջոցները» անդեմ աղբյուրի:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում