Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

Նոյեմբեր 21,2015 20:16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:

Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Վարչապետին ներկայացվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում կատարվել են տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման ու տեղադրման աշխատանքներ, այժմ ընթանում է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով բժշկական կենտրոնի հագեցման գործընթացը: Ընդհանուր առմամբ վարկային ծրագրի շրջանակում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1 մլրդ 618 մլն ՀՀ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 385.2 մլն ՀՀ դրամ (24 տոկոս), ՀԲ միջոցներից՝ 1 մլրդ 233 մլն ՀՀ դրամ (76 տոկոս): Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը լիովին համապատասխանում է ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին: Այն հնարավորություն կընձեռի Սյունիքի մարզի սահմանամերձ Մեղրու տարածաշրջանի բնակչությանը տեղում մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ:

Վարչապետի այցի հաջորդ կանգառը մարզի Ագարակ քաղաքն էր, որտեղ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել հիմնանորոգված արվեստի դպրոցի բացմանը, շրջել դպրոցի տարածքում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Ագարակի արվեստի դպրոցը վերանորոգվել է «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և Ագարակի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ներդրումը կազմում է 137 մլն ՀՀ դրամ, որից «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի միջոցներից` 102 մլն ՀՀ դրամ: 208 աշակերտ ունեցող արվեստի դպրոցն ամբողջությամբ վերազինվել է նոր գույքով, ապահովված է համապատասխան մասնագետներով (30 ուսուցիչ) և երաժշտական գործիքներով:

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ: Ձեռնարկության ղեկավարները վարչապետին են ներկայացրել կոմբինատի զարգացման ծրագրերը և նշել, որ նույնիսկ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանման պայմաններում ընկերության աշխատակազմի և աշխատավարձերի, ինչպես նաև հզորությունների կրճատում չի եղել:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությունը խնդրել է վարչապետին աջակցել ձեռնարկությանը՝ ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում աշխատանքները նույն հունով շարունակելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը լուրջ դեր ունի տնտեսության զարգացման գործում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել, որպեսզի կոմբինատի բնականոն գործունեությունը չխաթարվի:

ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպել է նաև Մեղրի, Ագարակ, Կապան և Սիսիան քաղաքների բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Վարչապետը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, և գործադիրը շարունակելու է մարզերի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման քաղաքականությունը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30