ԶԼՄ ներկայացուցիչներն ու իրավաբաններն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան՝ արդյոք լրատվամիջոցը պատասխանատվությո՞ւն է կրում երրորդ անձի՝ իր լրատվամիջոցի տիրույթում թողած մեկնաբանության համա՞ր, թե՞ ոչ:
Աղվերանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «ԶԼՄ-ների վեճերի արտադատական լուծումներ տալու գործում տեղեկատվական վեճերի խորհրդի հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինար-քննարկմանը լրագրողների մի մասը պնդեց, որ լրատվամիջոցները պարզապես ֆիզիկապես և ռեսուրսների առումով հնարավորություն չունի լիովին վերահսկել իր տիրույթում արված մեկնաբանությունները, իրավաբանները կարծում են, որ յուրաքանչյուր ոք ունի արժանապատվության իրավունք, հետևաբար լրատվամիջոցը պարտավոր է այդ դաշտը վերահսկել:
Նշենք, որ «Դելֆին» ընդդեմ Էստոնիայի» գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել նույնիսկ դրանք հեռացնելու մասին պահանջի բացակայությամբ վիրավորական մեկնաբանությունները չհեռացնելու համար։
Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը հայաստանյան իրականությունից օրինակ բերեց Լիլիթ Հովհաննիսյանն ընդդեմ Blognews.am կայքի գործը՝ կարծիք հայտնելով, թե այդ գործը սպառնում է դառնալ Դելֆիի գործ: Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը պնդում է, որ լրատվական կայքը հրապարակել է հոդված, որը լի է իր հասցեին ապատեղեկատվությամբ ու բազմաթիվ վիրավորական արտահայտություններով։
Կարդացեք նաև
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ նախագահ Արտակ Զեյնալյանը արձագանքեց. «Լիլիթ Հովհաննիսյանի գործով, օրինակ, փորձում էինք հասնել նրան, որ կայքից այդ մեկնաբանությունը հեռացնելու պրոցեսը մուտքագրվի»:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այս առիթով նկատեց. «Երբ ինտերնետ չկար, թերթում նման բան տպվեր, դուք պահանջելո՞ւ էիք, որ թերթից այդ հատվածը հանվեր ու արխիվները վառվեի՞ն: Դա կլիներ հիտլերիստական մոտեցում: Ներկայիս մոտեցումները ինտերնետից հեռացնելու նույն բանն են հուշում: Մյուս կողմից կան կայքեր, որ ինտերնետը արխիվացնում են, հիմա ի՞նչ, ողջ աշխարհը պետք է մոբիլիզացնե՞լ, քանի որ ինչ որ մի Քիսո նեղացե՞լ է»:
Հարց հնչեց՝ օրինակ՝ պատգամավորական վիրավորանքի տակ արված վիրավորական արտահայտության համար արդյոք լրատվամիջո՞ցն է պատասխանատու: Պարոն Ղազարյանը նշեց, թե լրատվամիջոցը պարտավոր է վերահսկել այդ դաշտը, քանի որ յուրաքանչյուր ոք ունի արժանապատվություն:
«Երկիր մեդիա» հ/ը լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը շեշտեց. «Պարզ խոսենք, երբ Շմայսին մոտենում է հայ լրագրողը, հարց է տալիս, ինքը շատ լավ գիտի, որ Շմայսը էշություն է խոսելու, իր էջի վրա քլիք է բերելու, դրա համար է դիմել: Շմայսի դեմ ուղղված քոմենթը կայֆ է տալիս լրատվամիջոցին, բայց եթե, օրինակ, լրատվամիջոցի հասցեին նման մեկնաբանություն լինի, լրատվամիջոցը միանգամից կհեռացնի այն»:
Գեղամ Մանուկյանը կարծում է, որ լրատվամիջոցները պետք է տարբերակ գտնեն և հեռացնեն այդ վիրավորական և հայհոյախառն մեկնաբանությունները՝ սեփական վարկանիշից ու լսարանի վստահությունից ելնելով:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք այսպիսով լրատվամիջոցի վրա լրատվություն ապահովելուց բացի նաև վերահսկողություն սահմանելու պատասխանատվություն չի՞ դրվում, Արա Ղազարյանն արձագանքեց, որ հաճախ նման մեկնաբանությունները չհեռացնելու համար լրատվամիջոցներից հսկայական գումարներ են գանձվում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
բա սրա պատասխանը տառաճանաչ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ չունի ?