Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. ՀՀԿ-ն վախենում է՝ այսպես շարունակելով կարող է հայտնվել ընդդիմության դերում

Նոյեմբեր 21,2015 13:52

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը նոյեմբերի 21-ին Վայք քաղաք էր այցելել: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՅԴ-ն առաջարկում է առանց արյունաթափության իշխանափոխություն:

Նա օրինակ բերեց Սերժ Սարգսյանի որոշումը, որ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը, եւ պարտավոր չէ պատճառները նշել, այսինքն՝ գործող Սահմանադրությունը նախագահին բացարձակ իշխանություն է տալիս:

Սուրեն Պարսյանը, անդրադառնալով մարդու իրավունքների դրույթներին, նշեց, որ ներկա Սահմանադրությամբ նախատեսվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի բնակարանի իրավունք, իսկ նախագիծը մեխանիզմներ է ստեղծում պահանջել այդ բնակարանը: Նույնը նաեւ բուժօգնության համար է նախատեսված. «Արժանապատիվ կյանքն է դրվում հիմքում եւ պետությունը ցանկացած կառավարություն, պարտավոր է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել»:

Նա հավելեց, որ հակամենաշնորհային օրենսդրություն է լինելու, արգելվելու է մենաշնորհը, որը հանրային շահերից չի բխում, օրենքով սահմանափակումներ է դրվելու օլիգարխների առջեւ. «Գործադիր իշխանությունը պետք է Ազգային ժողով հաշվետվություն ներկայացնի, եւ ԱԺ-ն իրավունք ունի անվստահություն հայտնել: Այսինքն՝ մենք ունենք համակարգ, որը հնարավորություն է տալիս վերահսկել վարչապետին եւ կառավարությանը: Նախագիծը հնարավորություն է տալիս նաեւ անվստահություն հայտնել առանձին նախարարներին: Այս դեպքում ունենում ենք առաջնային մանդատ ունեցող մարմին ի դեմս Ազգային ժողովին: ԱԺ-ում բացառվելու է ներկա համակարգը՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»:

Նրա կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում ընդդիմությունը հնարավորություն կունենա տարբեր խնդիրների լուծման համար մեխանիզմներ առաջարկել: Կարող ենք առաջարկել ցանկացած բան, բայց որեւէ պատասխանատվություն դրա համար ընդդիմությունը չի կրի: Այսուհետ իր որոշումների ընդունման գործընթացում ինքը մասնակցելու է եւ պատասխանատվության է ենթարկվելու:

Սուրեն Պարսյանը հայտարարեց, որ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացին է գնում ամեն ինչը չկորցնելու համար. «Իրենք ասում են մենք պատրաստ ենք մեր միանձնյա իշխանությունը զիջել միայն այն բանը կանխելու համար, որ ամեն ինչ չկորցնեն: Իրենք վախենում են կա՛մ ամեն ինչ կա՛մ ոչինչ տարբերակով, կարող են հայտնվել ընդդիմության դերում: Իշխանությունը հասկացել է, որ այս տեմպով չի կարող շարունակել, կարժանանա Յանուկովիչի ճակատագրին»:

Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում, ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ-ի նախագահի պաշտոնում չի առաջադրվի: Ըստ նրա, Սահմանադրությունը չփոփոխելու դեպքում կկրկնվի Ռուսաստանի օրինակը, երբ Պուտինը դարձավ վարչապետ եւ այնուհետեւ կրկին ընտրվեց նախագահի պաշտոնում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30