Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրազարդումներ ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ

Նոյեմբեր 21,2015 11:22

Երեկ Հյուսթոնում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունի: Սակայն դրան նախորդեցին միջազգային ֆեդերացիայի գործադիր խորհրդի մի շարք զանգվածային պատժամիջոցներ, որպիսիք անցյալում, հավանաբար, երբեք չէին եղել: Մասնավորապես, Հոնդուրասին, Սիերրա-Լեոնեին, Գվատեմալային, Պանամային եւ Տաջիկստանին արգելվել է մասնակցել աշխարհի առաջնությանը, քանի որ այդ երկրները իրենց մարզիկների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չեն ներկայացրել ADAMS համակարգին:

IWF-ի գործադիր խորհուրդը հակադոպինգային կանոնները խախտելու համար Բուլղարիայի հավաքականին զրկել է 2016 թվականի օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունքից: Իսկ Ռումինիայի ընտրանուց նույնպես հակադոպինգային կանոնների բազմակի խախտման պատճառով վերցվել է օլիմպիական մեկ քվոտա:

Չնայած աշխարհի առաջնությունից հեռացված երկրները ծանրամարտում եղանակ ստեղծողներից չեն, սակայն Հյուսթոնում իսկապես նախադեպը չունեցող դաժան պայքար է սպասվում: Օրինակ, մեր թե տղամարդկանց, թե կանանց հավաքականների անդամներին մենք Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդական առաջնություններում սովոր ենք տեսնել ուժեղագույնների խմբում: Իսկ ահա Հյուսթոնում Աննա Գովելյանի (53 կգ), Իզաբելլա Յայլյանի(58 կգ), ծանրագույն վնասվածքից հետո մեծ սպորտ վերադարձած աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանի (69 կգ), անունները նշված են «B» խմբի ցուցակում, իսկ Սոնա Պողոսյանը (75 կգ) պայքարելու է «C» խմբում ընդգրկված ծանրորդների հետ:

Սակայն Հայաստանի հավաքականում նաեւ աշխարհի չեմպիոնի եւ մեդալակիրների իրական հավակնորդներ էլ կան: Խոսքը 77 կգ քաշայիններ Տիգրան Մարտիրոսյանի եւ Անդրանիկ Կարապետյանի, +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանի եւ Գոռ Մինասյանի, 105 կգ քաշային Սիմոն ՄԱրտիրոսյանի, +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանի եւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանի մասին է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30