Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջը. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 21,2015 11:18
stverayin

Տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջել։

Այդ երեւույթը դրսեւորվեց օգոստոսին, ապա շարունակվեց նաեւ սեպտեմբեր-հոկտեմբերին։ Երեք ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազեց 0,7 տոկոսով։

Վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, տարեվերջից երկու ամիս առաջ այն կազմել է 3,5 տոկոս։ Հիշեցնենք, որ հուլիսին տնտեսական ակտիվությունը հասավ 4,2 տոկոսի։

Վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ երկրորդ կիսամյակում գործընթացները Հայաստանում ավելի դանդաղ են տեղից շարժվում։ Ավելին՝ հոկտեմբերին նույնիսկ նկատվել է տնտեսական ակտիվության նվազում՝ նախորդ ամսվա համեմատ։ Պաշտոնական տվյալների համաձայն, այդ ամսին ակտիվությունը 13,5 տոկոսով ցածր է եղել։

Տնտեսական ակտիվության վրա բացասաբար է ազդել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին առեւտրաշրջանառության կրճատման խորացումը։ Արտաքին հատվածի հետ հարաբերություններում պահպանվել է շրջանառության ցածր մակարդակը։ Այն 20,4 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը։ Դա հիմնականում բաժին է ընկել ներմուծմանը, թեեւ վերջին երկու ամիսներին նվազում է արձանագրվում նաեւ արտահանման ոլորտում։ Այդ երեւույթը խորացել է հատկապես հոկտեմբերին։

Արդեն 10 ամիսների տվյալներով, արտահանումը Հայաստանից 2,2 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։ Այն դեպքում, երբ երկու ամիս առաջ առկա էր նույնիսկ փոքր աճ։

Արտահանման վրա, անշուշտ, բացասաբար է ազդել միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների, մասնավորապես պղնձի գների անկումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են տոննայի հաշվով գրեթե 500 դոլարով։ Հաշվի առնելով այս ոլորտի նշանակությունը ինչպես ընդհանրապես արդյունաբերության, այնպես էլ արտահանման վրա՝ նման ազդեցությունը չի կարող արտառոց համարվել։ Ընդհակառակը, ենթադրվում է, որ այն կարտահայտվի նաեւ նոյեմբերի ցուցանիշների վրա, քանի որ անկումային իրավիճակը այս շուկայում շարունակում է պահպանվել։

Արտահանման առումով բացասական գործոնները թելադրված են նաեւ որոշ գործընկեր երկրների տնտեսական ու ֆինանսական կացությամբ։

Անկումը շատ ավելին է ներմուծման դեպքում։ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ ներկրման կճատումը հասնում է 26,6 տոկոսի։

Ամեն դեպքում հոկտեմբերին ներմուծումների նվազումը, կարծես, կանգ է առել։ Սեպտեմբերի համեմատ ներկրումները գրեթե 10 տոկոսով ավելացել են։

Թե դա որքանով է կապված նախատոնական առեւտրի նախապատրաստական աշխատանքների հետ, դժվար է ասել։ Փաստ է, որ այս շրջանում սովորաբար ներմուծումների աշխուժություն է արձանագրվում։ Թեեւ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ներկրումների կրճատումը բավականաչափ մեծ է՝ 26,5 տոկոս։ Այլ կերպ ասած, հոկտեմբերին այդքանով պակաս ներմուծումներ են իրականացվել, քան 2014թ. նույն ամսին։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30