Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ դիտարկմամբ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ձեւավորված հասարակական կարծիքի մասին խոսելը դեռ վաղ է
-Նախնական տվյալներով, ընտրողների միայն 14,5 տոկոսն է պատրաստվում կողմ քվեարկել հանրաքվեի դրված փաստաթղթին։ Սա համարենք մեկնարկային վիճակ՝ գուցե քարոզարշավի վերջում «այո» ասողներն ավելի շատ կլինեն։
-Ե՞րբ եք անցկացրել այդ հարցումը, որտե՞ղ, ո՞ւմ պատվերով, քանի՞ հոգու շրջանում։
-Սա փոքր հարցում է, որ ինքներս ենք նախաձեռնել՝ ոչ մեկը պատվեր չի տվել։ Ընդգրկել ենք 4 քաղաք՝ Երեւան, Վանաձոր, Գյումրի, Աբովյան (Հրազդանն էլ հետը), այնպես որ չեմ կարող պնդել, թե սա հասարակական տրամադրությունների ամբողջական պատկերն է։
Կարդացեք նաև
Բայց մենք ելնում ենք այն մեկնակետից, որ եթե հիմնական՝ մեծ քաղաքներում մարդիկ տեղեկացված չեն, մյուս մարզերում եւ գյուղական համայնքներում դժվար թե ավելի կողմնորոշված լինեն։ Ամեն դեպքում մեր նախնական դիտարկումն այն է, որ քաղաքացիների մոտ 15 տոկոսը գնալու դեպքում կողմ է քվեարկելու նախագծին, 47 տոկոսը՝ դեմ, 38 տոկոսը ոչ լսել է հանրաքվեի մասին, ոչ որոշել է՝ գնալ թե չգնալ, ոչ էլ գիտի՝ գնալու դեպքում ինչպես քվեարկել։
Մասնակցելու ցանկություն ունեցողներն անսպասելիորեն շատ են՝ 60 տոկոս, թեեւ իմ փորձից գիտեմ, որ շատերը հարցումների ժամանակ ասում են՝ մասնակցելու ենք, իրականում չեն գնում քվեարկության։
25 տարվա կտրվածքով, եթե նայենք, ամենաբարձր մասնակցությունը եղել է նախագահական ընտրությունների ժամանակ, երկրորդ տեղում խորհրդարանական ընտրություններն են, ամենացածր ակտիվությունը գրանցվել է տեղական ընտրությունների ժամանակ, իսկ հանրաքվեներին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45-50 տոկոսը։ Այսինքն՝ 60 տոկոս մասնակցություն չի եղել։ Այս դեպքում, եթե գոնե 50 տոկոսը մասնակցի, դա կարելի է համարել մասնակցության բավական բարձր ցուցանիշ։
-Փորձե՞լ եք պարզել՝ «այո»-ի կամ «ոչ»-ի կողմնակիցներն «այո» կամ «ոչ» են ասում բուն սահմանադրական փոփոխությունների՞ն, թե՞ արտահայտում են իրենց վերաբերմունքը իշխանությունների կամ երկրում ստեղծված իրավիճակի նկատմամբ։
-Ճնշող մեծամասնությունը ծանոթ չէ փաստաթղթին։ Ավելին՝ 54 տոկոսը պատկերացում չունի նույնիսկ գործող սահմանադրության մասին, որ արդեն 20 (փոփոխված տարբերակով՝ 10) տարի գործում է։ Այս պարագայում ի՞նչ ասել փոփոխությունների նախագծի մասին, որ մի ամիս առաջ է դրվել շրջանառության մեջ։
-«Այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների քարոզչական մարտավարությունը, ձեր կարծիքով, նպաստո՞ւմ է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
-Այս անգամ նորարարական մոտեցում են ցուցաբերել՝ նկատի ունեմ «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների համատեղ այցելությունները մարզեր։ Շատ լավ մտահղացում է եւ գուցե որոշակի ազդեցություն ունենա մարդկանց կողմնորոշելու առումով, բայց մեկ ամիսը շատ քիչ է, որպեսզի բնակչության մեծամասնությունը ծանոթանա, խորամուխ լինի, հարցեր տա, պատասխաններ ստանա, այն էլ այնպիսի բարդ փաստաթղթի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրությունն է։ Եթե գոնե կես տարի լիներ, կարելի էր ակնկալել ձեւավորված հասարակական կարծիք հանրաքվեի մասին։
Չեմ կարծում, թե այս «Էքսպրես քարոզարշավի» մեկ ամիսը կարող է լուրջ արդյունք տալ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում