Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեզ համար պաշտոն չէ, ոչ էլ դիրք»

Նոյեմբեր 21,2015 14:30

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
Հերմինե Նաղդալյանը հակադարձում է քննադատություններին

– Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն առաջարկել է փոփոխել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը` նկատի ունենալով, որ պատվիրակությունը տանուլ է տվել` ի դեմս ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձեւի: Փաստորեն, ձեր կուսակից ընկերներն էլ են դժգոհ ձեր աշխատանքից, քանի որ Համլետ Հարությունյանը բառացի ասել է. «Եթե թիմը տանուլ է տալիս, ուրեմն պիտի մարզիչին փոխել, թիմի անդամներին փոխել»: Նա, սակայն, խուսափեց անուններ հնչեցնել:

– Ես էլ, մեր պատվիրակության անդամների մեծ մասն էլ բազմիցս ասել ենք, հիմա էլ պատրաստ եմ կրկնել` մենք պատրաստ ենք այս պատասխանատվությունը դնել մեկ ուրիշի վրա, ով համարում է, որ ինքը կարող է գալ եւ արդյունավետ աշխատել, ով այն կստանձնի եւ հաջողությամբ կտանի: Սա մեզ համար պաշտոն չէ, ոչ էլ դիրք, սա հանձնառություն է եւ պատասխանատվություն: Իրականում գործընթացները լուրջ եւ կարեւոր են, եւ բացարձակապես անթույլատրելի է որեւէ մեկի կողմից դա իր համար պաշտոնակռվի կամ մեկ այլ հնարավորության համար զրույցի վերածել: Իսկապես, սա պատասխանատու աշխատանք է:

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում՝ սկսած 2014-ի կեսերից ՝ Ղրիմի միավորումից եւ դրան հետեւած ԵԽԽՎ-ում ՌԴ լիազորությունների դադարեցումից հետո, աշխատում է լայնամասշտաբ հակահայկական արշավի պայմաններում եւ ԱԳՆ կառույցների հետ համագործակցությամբ ու աջակցությամբ անում է մաքսիմալ հնարավորը` վտանգները չեզոքացնելու համար: Թեեւ պայմանները շատ անհավասար են, այնուամենայնիվ, մինչ օրս մենք կարողացել ենք խնդիրները լուծել:

Ինչ վերաբերում է պատվիրակության կազմը փոխելու մասին առաջարկներին, ասեմ, որ ԵԽԽՎ պատվիրակությունները ձեւավորվում են ԵԽԽՎ կանոնակարգին ու ազգային խորհրդարանների կառուցվածքին համապատասխան: Այսինքն՝ մեր պատվիրակության կազմում պետք է լինեին մեր խորհրդարանի կառուցվածքին համապատասխան թվով ՀՀԿ-ի եւ ընդդիմության ներկայացուցիչներ` հինգ իշխանական, երեք ընդդիմադիր: Իրականության մեջ պատվիրակությունը ձեւավորված է երեք ՀՀԿ խմբակցության պատգամավորներից եւ հինգ ընդդիմադիր պատգամավորներից: Այնպես որ՝ եթե ցանկանում եք պարզաբանում ունենալ, գործընկերներին հարցրեք` պատվիրակության ո՞ր անդամների, ո՞ր խմբակցությունների ներկայացուցիչների աշխատանքն են համարում ոչ բավարար` մեր ազգային-պետական շահերը ԵԽԽՎ-ում ներկայացնելու համար:
Ինձ համար, որպես պատվիրակության ղեկավարի, իհարկե, խնդիրներ կան, ինչպիսիք երբեմն լինում են խորհրդարանական պատվիրակություններում, քանի որ պատվիրակությունը չի գործում ուղղահայաց ենթակայության սկզբունքով:

Պատվիրակության ղեկավարի որոշումները պարտադիր կատարման համար չեն տարածվում բոլոր անդամների վրա: Պատվիրակության անդամները ներկայացնում են առանձին-առանձին կուսակցություններ եւ հաճախ ունեն իրենց կուսակցական օրակարգը կամ առանձին քաղաքական կամ անձնական խնդիրները եւ հայացքները: Այդ իմաստով պատվիրակության ղեկավարի, այսպես ասած, երկրորդ խնդիրն է փորձել համախմբված եւ միասնական հանդես գալ գոնե այն պարագաներում, երբ հարցերը ազգային-պետական շահերին են վերաբերում, որովհետեւ Հայաստանի պատվիրակությունը շատ փոքրաթիվ է. մենք քվեարկության համար ընդամենը չորս ձայն ունենք եւ եւս չորս պատվիրակ, որոնք կարող են աշխատանքներ տանել: Յուրաքանչյուր լիագումար նիստ տեւում է 4, 5 օր` բազմաթիվ հանձնաժողովների, քաղաքական խմբերի նիստեր, լիագումար նիստեր, ելույթներ, հարցապնդումներ, ու այդ ամենը պետք է ուղեկցվի առանձին երկրների պատվիրակությունների կամ պատգամավորների հետ աշխատանքով` ուղղված մեր խնդիրները ներկայացնելուն, բացատրելուն ու մեզ համար շահեկան իրավիճակ ստեղծելուն, ինչպես նաեւ բացասական նախաձեռնությունների չեզոքացմանը:

– Չե՞ք կարծում, որ պատվիրակության կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ` նույն ԲՀԿ-ից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից» նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, ովքեր նաեւ իրենց անձնական կապերի միջոցով կարող են ավելի արդյունավետ աշխատանք ապահովել:

– Ես կարծում եմ՝ այս խոսակցությունն այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է որոշում եւ ներկայացնում իր առաջարկը: Սա այդ խմբակցությունների խնդիրն է: Եթե ընդդիմադիր խմբակցությունները ցանկություն ունեն իրենց կազմում փոփոխություններ անել` պետք է իրար մեջ համաձայնության գան: Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին, ապա գոյություն ունի ՀՀԿ խմբակցություն, ԱԺ նախագահ եւ կուսակցության ղեկավարություն, եւ այդ իմաստով կազմի վերաբերյալ հարցը բավական մեծ քննարկումների ճանապարհ է անցնում:
Այս աշխատանքի մեջ, իսկապես, շատ կարեւոր են անհատական հատկանիշները, քաղաքական փորձառությունը, մտահորիզոնը, պատրաստվածությունը, լեզուների իմացությունը, միջազգային կառույցների աշխատաձեւի իմացությունը, անձնական կապերն ու հարաբերությունները, դրանք ստեղծելու հատկությունը: Այս ամենը մեկ օրվա ընթացքում չի ստեղծվում, ու կարեւոր է, որ պատվիրակության անդամները լինեն այս չափանիշներին համապատասխան, եւ պատվիրակության ժամանակի ընթացքում ստեղծած պաշարը եւ փորձառությունը պահպանվեն եւ փոխանցվեն:

– 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն առաջարկում է հատուկ խումբ ստեղծել, հնչեցնում է անուններ, թե ովքեր կարող են այնտեղ ընդգրկված լինել, որպեսզի համալիր, ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում վիճելի զեկույցի` նման ձեւակերպումներով ընդունումը կանխարգելվի:

– Ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ թե՛ Դավիթ Շահնազարյանի, թե՛ այս օրերին մամուլում հնչած կարծիքները եւ մոտեցումները, վերլուծության եմ ենթարկել դրանք: Հիվանդագին պատկերացում չունեմ այն մասին, որ ես կամ պատվիրակության անդամները իդեալական են, չեն կարող թերացումներ ունենալ, քննադատության ենթարկվել: Հատկապես ուշադիր եմ ուսումնասիրել այն հրապարակումները, որոնցում մասնագիտական արժեքավոր մոտեցումներ կային, եւ կարող եմ ասել, որ դրանցում առաջարկվող գործողությունների ու քայլերի մեծ մասը կատարվել կամ կատարվում են: Ես բոլորովին դեմ չեմ աշխատանքային խումբ կամ որեւէ այլ հնարավորություն ստեղծելուն եւ դրանով այս գործընթացին օգուտ բերելուն: Բայց նաեւ, որպես աշխատանքն ուղղակիորեն կատարող մարդ եւ ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած մեկը, իմանալով պատվիրակության անդամներին, որպես երկարամյա փորձառություն, տեղեկացվածություն եւ պատրաստվածություն ունեցող անձերի, կարող եմ, խոսելով պատվիրակության անդամների հիմնական մասի կատարած աշխատանքների մասին, վստահ ասել, որ նրանք իսկապես տիրապետում են աշխատանքին եւ արել են հնարավորը:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30