Լրահոս
Օրվա լրահոսը

Տարադրամի կետերի վրա հարձակվողների գործով «Ջուգի» անունը տալուց հետո բեկումնային իրավիճակ է

Նոյեմբեր 21,2015 14:00

Հանրությանը հայտնի «Բանդա 2-ի» գործով ամբաստանյալ Կարեն Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել 2012 թվականի դեկտեմբերից մայրաքաղաքում գործող տարադրամի փոխանակման կետերի եւ դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու գործով, ինչպես նաեւ 2012 թվականի սեպտեմբերին ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի ստեղծած, նրա կողմից ղեկավարված, զինված խմբում՝ բանդայի կազմում ընդգրկվելու համար:

Մեղադրանքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանող դատախազ Հայկ Հակոբյանի հրապարակած մեղադրական եզրակացության համաձայն՝ Կարեն Վարդանյանի հետ բանդայի կազմում ընդգրկված են եղել նաեւ ամբաստանյալներ Տիգրան Հովհաննիսյանն ու Հայկ Կոջոյանը։ Ռաֆայել Հարոյանի անմիջական ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով դերաբախշմամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել 12 մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ փամփուշտներով, «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 7, 62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետեւել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կարեն Վարդանյանը հանցակիցների սահմանազանցմամբ կատարել է նաեւ սպանություն: Խոսքը Շենգավիթ համայնքում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցի սպանության մասին է:
Ամբաստանյալ Կարեն Վարդանյանը 4 նիստ առաջ իր կարճ ցուցմունքի ժամանակ սպանության համար իրեն մեղավոր չճանաչեց եւ ասաց, թե նպատակ չի ունեցել սպանել չենջի աշխատողին:

Ինչպես տեղեկացրել էինք, նա ցուցմունք տալիս նշել էր, թե ինքը ունեցել է ֆինանսական խնդիրներ եւ որոշել է գողություն կատարել, սակայն տարբեր պատճառներով չի ստացվել, իսկ հունվարի 12-ին հանդիպել է Հայկ Կոջոյանին ու Ռաֆայել Հարոյանին, վերջիններս հրաժարվել են իր հետ գալ՝ ասելով, որ մարդ պետք է հանդիպեն` «բազառ ունեն հետը»: Ինքը վիճելով նրանց հետ՝ նստել է «Նիվա» ավտոմեքենան եւ հեռացել է նրանց մոտից: Շինանյութի շուկայի մոտ հանդիպել է իր ծանոթ Վահանին, ում առաջարկել է իրար հետ գնալ ու չենջից գողություն կատարել, վերջինս ընդունել է նրա առաջարկը, եւ երկուսով գնացել են չենջի մոտ: Ամբաստանյալը 100 դոլարանոց է տվել Վահանին, որպեսզի վերջինս մտնի այն մանրի ու տեսնի՝ արդյոք հարմա՞ր է գողությունը կատարելու համար, թե՞ ոչ: Վահանը գումարը մանրելով հետ է եկել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է, կարելի է մտնել: Գումարը մանրելուց հետո երկուսով եկել են չենջի մոտ, մեքենայի մեջ հագել են դիմակները եւ մտել չենջ, ինքը իր մոտ պահվող ատրճանակը պահել է չենջի աշխատողի վրա՝ նրան վախեցնելու համար, ու պահանջել է գումար, սակայն աշխատակիցը հարձակվել է իր վրա. «Ստիպված կրակեցի ոտքերի ուղղությամբ, երկրորդ անգամ կրակեցի՝ փախնելու համար»: Նրանք վերցրել են գումարները եւ վազելով նստել են մեքենայի մեջ: Մեքենան քշելուց հետո Վահանը վիճել է իր հետ այն պատճառով, թե ինչի կրակեցիր, ու իջնելով մեքենայից՝ թողել ու հեռացել է:

Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե Վահանը մահացա՞ծ է, Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ «Աստված ոչ անի, ջահել տղա է»:

Պաշտպանի հարցին պատասխանել է, որ Վահան անունով տղան այժմ Արթիկի բերդում է, նրա ածական անունն էլ «Ջուգ» է, իսկ հայրն էլ Վանաձորցի Քյարամն է:
Նրա պաշտպանությունն այդ ժամանակ սկսել էր ստանձնել փաստաբան Թամարա Բաղդասարյանը:

«Առավոտի» դիտարկմանը, թե արդյոք սպանության նոր մասնակցի մասին հայտնելը հաղորդում չէ՞ հանցագործության մասին, փաստաբանն ասաց. «Դատախազը բազմիցս դատարանում հայտարարում էր, թե հնարավոր չի անձը պարզել, քանի որ պաշտպանյալս իր ցուցմունքով, ինչպես նաեւ ՀՀ քննչական կոմիտեին ուղղված հայտարարություններում նշել էր անուն-հայրանունը, իսկ անուն-հայրանունով հնարավոր չէ գտնել անձին: Մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում գտանք այդ անձին, ավելի քան բավական էր անուն-հայրանունը, այն էլ՝ դատախազության համար, որպեսզի գտնի անձին: Մենք ներկայացրել ենք դատարան կոնկրետ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից հանված անձի վերաբերյալ դատավճիռը, որի մեջ գտնվում էին Վահան Քյարամի Գալստյանի բոլոր տեղեկությունները, ծննդյան թիվը, կալանքի տակ գտնվելու ժամկետը, բնակության հասցեն, տեղեկանք, թե որ քրեակատարողական հիմնարկում է անձը գտնվում»:

Ըստ փաստաբանի՝ դատախազությունը պետք է դրանից հետո համապատասխան գործողություններ իրականացներ, այսինքն՝ սկսեն քննություն կատարել այդ ուղղությամբ: Փաստաբանի դիտարկմամբ՝ այս գործով առկա են բազմաթիվ լուրջ խնդիրներ, նախաքննության մարմնի թերացումներ ու բացթողումներ, որոնց վերաբերյալ պատրաստ է հանդես գալ միջնորդություններով:

Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը տարիուկես է, ինչ իրականացնում է նրա պաշտպանությունը: Դատարանը վերջին երկու նիստերին սանկցիա է կիրառել ամբաստանյալների, մասնավորապես՝ 4 փաստաբանների նկատմամբ:
«Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իրավիճակի կտրուկ սրումը, փաստաբանն ասաց. «Երբ Կարեն Վարդանյանը ցուցմունք տվեց, որ 3-րդ մասում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի ունեցած ավազակային հարձակումը կատարել է ինքը՝ ոմն «Ջուգ» մականունով Վահանի հետ, դրա վերաբերյալ դիմում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, դատախազություն, դրանից հետո տեւական ժամանակ դատական նիստեր տեղի չէին ունենում մեզ անհայտ պատճառներով: Մեզ թվում էր, թե վարույթն իրականացնող մարմինը՝ ի դեմս դատախազության, որոշակի գործողություններ է կատարում Կարեն Վարդանյանի ցուցմունքները ստուգելու առումով: Սակայն այդ տեւական, մոտ երկու ամսից ավելի դատական նիստերը տեղի չունենալու պայմաններում մեղադրողը, երբ հարց տվեցինք, թե ինչքան կարող են տեւել, կատարվում են գործուղություններ, հայտարարեց, թե ստուգել են, նման անձ գոյություն չունի: Այնպիսի իրավիճակ էր, որ նրան բացարկ հայտնվեց: Մեզ համար ակնհայտ դարձավ, որ դատախազը ընդամենը չի ցանկանում իր լիազորություններն իրականացնել»: Բացարկը մերժվել է, մեղադրյալները դահլիճից հեռացվել են այն ժամանակ, երբ հանդես են եկել հարցադրմամբ, թե ինչքան կարող է տեւել այս իրավիճակը: Ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան, փաստաբան Արմեն Ֆերոյանի եւ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ ամբաստանյալներին բերել դահլիճ, մերժվել է, իսկ փաստաբանների պալատից որեւէ որոշում չի ստացվել փաստաբանների համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երեկ դատական նիստը հետաձգվեց դատավորի ազգականի մահվան պատճառով:

«Առավոտ» օրաթերթ
20.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30