Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած մշակութային օջախի, առավել եւս՝ երկրի համար փոխադարձ շահեկան է հրավիրյալ արվեստագետ ունենալը»

Նոյեմբեր 21,2015 13:00

Ալեքսանդր Մյասնիկյան քաղաքական գործիչը պատմության մեջ մնաց նաեւ իր մշակութային հիմնարար գործունեությամբ, ժամանակին Հայաստան հրավիրելով մեծանուն արվեստագետներ Մարտիրոս Սարյանին, Ալեքսանդր Թամանյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Լեւոն Քալանթարին, Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ցոլակ Ամերիկյանին (ցանկը կարելի է երկար շարունակել), ինչպես նաեւ այլ ոլորտի ներկայացուցիչների, որոնք իրականացրին մինչ օրս գործող հիմնադիր գործունեություն: Հրավիրվել են այլազգի արվեստագետներ եւս: Նման ձեւաչափով աշխատաոճ մշտական գործել է մեզանում: Մշակույթի ասպարեզում այն ավելի տեսանելի է եւ առավել ցայտուն՝ զուտ մշակույթի՝ մշտապես հանրության աչքի առաջ լինելու պատճառով:

Վերջին օրերին շրջանառվում է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի անունը, որը Հայաստանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով: Երիտասարդականի հետ դիրիժորը «Արամ Խաչատրյան» փառատոնի շրջանակներում ղեկավարեց մեկ համերգ, թատրոնում էլ՝ Վերդիի «Տրավիատա» եւ «Տրուբադուր» օպերաները: Իսկ շրջանառվում է նրա անունը մեկ պատճառով՝ ասում են, թե իտալացին Ազգային օպերային թատրոնում այլեւս հրավիրյալ դիրիժոր է: Մինչդեռ հիշյալ թատրոնում 1960-67 թթ. իբրեւ հրավիրյալ արվեստագետ գործունեություն է ծավալել անվանի խորեոգրաֆ Եվգենի Չանգան, որը բացի բարձրակարգ բալետային ներկայացումներից, մեր թատրոնում երկրորդ անգամ իրականացրել է նաեւ Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան: (Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում աշխատում է երկու իտալացի երաժիշտ: Ի վերջո, Լորիս Ճգնավորյանը հրավիրյալ գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի կարգավիճակով շուրջ 10 տարի գլխավորեց ֆիլհարմոնիկ նվագախումբը):

Մինչ Ջանլուկա Մարչիանոյի հետ «Առավոտի» զրույցը ներկայացնելը, նախ, ելնելով տարաբնույթ խոսակցություններից, տեղեկացնենք, թե ինչ ասել է հրավիրյալ եւ հյուրախաղորդ արվեստագետ: Հյուրախաղորդը հանդես է գալիս մեկ կամ մի քանի ներկայացումներով կամ համերգներով, իսկ հրավիրյալի համար պահանջվում է երկար ժամանակ՝ ամիսներ, երբեմն տասնյակ տարիներ, երբեմն էլ մի ամբողջ կյանք: Իսկ Ջանլուկա Մարչիանոն առաջին անգամ Հայաստան է այցելել այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, իր գործընկերներ Միխայիլ Յուրովսկու եւ Սերգեյ Սմբատյանի հետ ապրիլի 24-ին ղեկավարել 24/04 համաշխարհային նվագախումբը: Դասական արվեստի երկրպագուները, վստահ ենք, որ դեռ հիշում են իտալացի երաժշտի մեկնաբանմամբ Խաչատրյանի, Բաբաջանյանի եւ Հարությունյանի ստեղծագործություններից բաղկացած միքսը: Լայն հանրությունն էլ, վստահ ենք, որ Մարչիանո ազգանունը կմտաբերի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին Արցախում առաջին անգամ Վերդիի «Ռեքվիեմը» հնչելու առիթով, որտեղ դիրիժորը գտնվում էր ընդամենը հյուրի կարգավիճակով, ինչից հետո էլ անմիջապես հայտնվեց Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Զրույցի սկզբում հիշեցնելով այդ փաստը, դիրիժորն ասաց, որ դեռեւս 2013թ. տվյալներով՝ այդ ցուցակում հայտնվել է 335 անուն՝ ոչ միայն անվանի արվեստագետների, այլեւ, կոնկրետ՝ 22 ֆրանսիացի պատգամավորների, աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի, Լյուբով Կազարնովսկայայի, շոու-բիզնեսից՝ իր հայրենակից Ալ Բանոյի անունները: Նշեց նաեւ իր համերկրացիների՝ ցանկացած երկրում մշտապես տարբեր նախագծեր իրականացնող ճարտարապետներ Ֆրանչեսկո Ռովիելոյի, Լուչանո Պրետիի, Ֆրանչեսկո Քալոյի անունները եւ այլն:

Մեր դիտարկմանը՝ ծանոթանալով ձեր ստեղծագործական գործունեությանը, հրավիրյալ արվեստագետի «դերակատարում» եք իրականացրել տարբեր երկրներում, ինչը շարունակվում է մինչ օրս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ գործընկեր, իսկապես աշխարհահռչակ Զուբինե Մետան կարիերան սկսել է ոչ թե ծննդավայրում՝ Իսրայելում, այլ, կներեք անհամեստության համար, ինչպես ես՝ Բելգրադում: (Դիրիժորի առաջին բեմելը եղել է «Նաբուկո» օպերան): Չես կարող ասել, թե ինչքան կշարունակվի գործունեությունդ այս կամ այն արտերկրում»: Հետո էլ մանրամասնեց. «Սեփական երաժշտական կարիերայիս կտրուկ վերելքը առնչվում է Խորվաթիայի ազգային օպերային թատրոնի հետ (2007թ.), իսկ 2011-15թթ. հանդիսացել եմ Թբիլիսիի օպերայի եւ բալետի պետական թատրոնի երաժշտական տնօրենը եւ գլխավոր դիրիժորը: Այս ժամանակահատվածում իրականացրել եմ Վերդիի «Տրուբադուր», «Նաբուկո», «Աիդա», «Աթիլլա», Մոցարտի «Միհրդատ, Պոնտոսի թագավորը», Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերային բեմադրությունները: Վստահ եմ, հայերիդ քաջածանոթ վրացական բալետի աստղ Նինո Անանիաշվիլու հետ Չայկովսկու հայտնի «Շչելկունչիկը», ճապոնական թեմաներով Dreams of Japan ներկայացումը, որը դիտեց նաեւ նյույորքյան հանդիսատեսը եւ այլն: Այս ընթացքում, եթե չեմ սխալվում, երեք անգամ ղեկավարել եմ Բաքվի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այլն: Այո, ինձ հետաքրքիր է եւ կասեի՝ արդյունավետ՝ լինել հրավիրյալ արվեստագետի կարգավիճակում»: Մարչիանոն հավելեց, որ վերջին շրջանում օպերային աշխատանքը կենտրոնացված է Բրիտանիայում, իր խոսքերով՝ ճանաչված այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Grange Park Opera-ն, Անգլիայի ազգային օպերան, Longborough Festival Opera-ն, Opera North-ը, Chelsea Opera Group-ը, ինչպես նաեւ Օվիդեոյի, Զագրեբի, Պրահայի օպերային թատրոնները: Հակիրճ այսքանը հայտնեց մեր զրուցակիցը: Նշեց նաեւ, թե իբրեւ հրավիրյալ հնարավոր չէ ամբողջ մի կյանք աշխատել մեկ թատրոնում: Ինչ վերաբերում է Ազգային օպերային թատրոնում նրա կարգավիճակին, Ջանլուկա Մարչիանոն հակիրճ հայտնեց հետեւյալը. «Երեւանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ մենք, անշուշտ, ունենք առաջիկա նախագծեր, ամենամոտը դեկտեմբերին կայանալիք գալա համերգն է»: Հատուկ էլ նշեց, թե ցանկացած մշակութային օջախի, առավել եւս՝ երկրի համար փոխադարձ շահեկան է հրավիրյալ արվեստագետ ունենալը, հենց թեկուզ փորձի փոխանակման առումով:

Տարբեր երկրներում գործունեություն ծավալած արվեստագետից հետաքրքրվեցինք՝ առաջին անգամ ապրիլի 24-ի առիթով այդ ի՞նչը գրավեց նրան, որ համաձայնել է Հայաստանում նույնպես լինելու հրավիրյալի կարգավիճակում: «Հայերդ իտալացիներիս շատ նման եք ձեր բարք ու վարքով, ինչպես նաեւ հնագույն ու բարձրարվեստ մշակույթով: Ձեր օպերային թատրոնում այսօր կան տաղանդավոր, կրկնում եմ՝ տաղանդավոր երգիչներ, որակյալ նվագախումբ, հիասքանչ երգչախումբ, էլ չներկայացնեմ ձեզ քաջածանոթ Գեղամ Գրիգորյանին եւ օպերային թատրոնի տնօրինությանը: Այսքանը բավարար չէ՞…»,- ասաց մեր զրուցակիցը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30