Այսօր աշխարհում մեծ հարված է հասցվում ընտանիքի, երեխաների դաստիարակությանն ու ընդհանրապես ընտանեկան բարի ավանդություններին: Հայ ընտանեկան մոդելն արդեն վտանգված է, եւ ինչքան որ ես տեսնում եմ ու խոսում մարդկանց հետ, ընտանիքներում երջանկություն եւ ուրախություն չկա:
Այս կարճ ակնարկով ուզում եմ անդրադառնալ ընտանեկան հարաբերության կողմերից մեկին՝ քրիստոնյա ընտանիքում տղամարդու դերին, նրա իշխանությանն ու պատասխանատվությանը:
Ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդ ամուսինը:
Այս հարցը վերջերս մի ռուս ուղղափառ հոգեւորական հարցրել էր իր համայնքի կանանց: Գրեթե բոլորն ասել էին, որ իսկական տղամարդ ամուսինը պետք է լինի պատասխանատու: Կար նաեւ մի այլ պատասխան՝ տղամարդը պիտի լինի հավատարիմ ամուսին: Հավատարմությունն արդեն պատասխանատվության դրսեւորումներից մեկն է: Այդ հոգեւորականը հետեւյալն էր ասում, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ:
Երբ որ տղամարդն ամուսնանում է, նա արդեն պիտի հաշիվ տա Աստծուն ոչ միայն իր, այլ նաեւ իր կնոջ ու երեխաների համար: Աստված արդեն հարցնելու եւ հաշիվ է պահանջելու իրենից՝ իր կնոջ ու երեխաների համար նույնպես:
Կարդացեք նաև
Լինել ընտանիքի ղեկավար, չի նշանակում՝ լինել ընտանիքի բռնակալ կամ բռնապետ: Տղամարդ ամուսինն իրավունք չունի վատ արտահայտվելու իր կնոջ մասին կամ վիրավորելու նրան: Դա անելով՝ նա ստորագրում է սեփական դատավճիռը, որովհետեւ վատ ամուսինը վատ տան տեր է:
Պարզվում է, որ ընտանեկան կոնֆլիկտների մեծ մասը տեղի են ունենում այն պատճառով, երբ տղամարդը չի կարողանում կամ նույնիսկ չի ցանկանում պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունը: Ուրիշ խոսքով, նա չի ցանկանում կամ չի կարողանում կրել ընտանեկան իշխանության բարի բեռը:
Պարտադիր չի, որ ընտանիքի ղեկավարը լինի փայլուն առաջնորդ կամ կազմակերպիչ, բայց նա պետք է կարողանա ժամանակին որոշումներ կայացնել իր ընտանիքում ու դրանց համար պատասխանատվություն կրել: Սիրել հայ տղամարդ, եղբայր, հայր, եթե սա քեզ մոտ չի ստացվում, կամ դու սայթաքել ես սա անելուց, ապա դու հենց հիմա մի նոր առիթ, հնարավորություն ու ժամանակ ունես սա շտկելու եւ կնոջդ ու երեխաներիդ պատասխանատվությամբ առաջնորդելու:
Սիրելի երիտասարդ աղջիկներ, ապագա ամուսին ընտրելիս դուք էլ շատ զգույշ պիտի լինեք, որպեսզի բռնապետությունը, եսասիրությունն ու ցանկասիրությունը չշփոթեք հաստատակամության, վճռականության ու պատասխանատվության հետ:
Քրիստոնեական ընտանիքն Աստծո կողմից ստեղծված ու սրբված միություն է: Ամենագլխավորն այնտեղ իրար նկատմամբ օգնությունն է փոխադարձ փրկության համար: Եվ այս գործում Աստված պատվիրել է, որ տղամարդ ամուսինը կարողանա սիրով ու պատասխանատվությամբ որոշումներ կայացնի իր ընտանիքում, երբ անհրաժեշտ է: Հիմա կհարցնեք, իսկ կանանց մասի՞ն: Այս մասին առաջիկա հոդվածներից մեկում, քանի որ տեղն այստեղ սահմանափակ է:
Թող Աստված օրհնի բոլորիս ընտանիքները:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրել
Ֆեյսբուքի իմ էջին