Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չգիտեմ, թե ինչո՞ւ ընտրեցի լրագրողի մասնագիտությունը»

Նոյեմբեր 21,2015 12:00

Տարիների վաստակ ունեցող հեռուստալրագրող, «Ազգ» թերթի վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանին ներկայացնելու կարիք չկա, իսկ նկարիչ Մարիետա Խաչատրյանը դեռ քաջածանոթ չէ արվեստասեր հասարակայնությանը: Ի վերուստ սիրելով նկարչությունը (դպրոցահասակ տարիներին նկարչության դասեր է առել նկարչի արվեստանոցում), այդուհանդերձ, նախընտրեց լրագրությունը…Գտնում է, որ այլ է նկարը, երբ նայում ես լրագրողի աշխարհից: Գրելն ավելի պատասխանատու գործ է համարում… Տիրապետում է նկարչական բարդ ու բազմաբնույթ տեխնիկային: Ակրիլով նկարելն ավելի բարդ է համարում, նկարիչ-ընկերների խորհրդով անցավ յուղաներկին եւ համակարծիք է այն մտքին, որ յուղաներկով երբեք նկարը չես փչացնի: Նրա բոլոր գործերում առկա է թեման: Նախապես էսքիզներ չի անում, բացի դիմանկարներից: Նրա ձեռքի տակ, իր իսկ խոսքերով՝ նկարը ծնվում է նկարելիս…Մարիետայի գործերում կյանք է առնում նույնիսկ շարժումը, իսկ բնանկարը, դիմանկարը նրա տարերքն է: Գծի եւ գույնի միջոցով նկարչուհին ստանում է տարբեր հոգեվիճակ ապրող կերպարներ, որոնք կարող են լինել մեր կողքին ապրող ամենասովորական մարդիկ, ում հաճախ ինքներս չենք նկատում: Մարիետայի դարակներում վաղուց հրապարակման է սպասում գրական հունձքը՝ վիպակները, պատմվածքներն ու բանաստեղծությունները, սակայն հեղինակը դեռ չի հրապարակում, քանզի երբեք չի կարեւորում ճանաչված լինելը:

– Վաղո՞ւց ես նկարում:

– Միշտ էլ խզմզել եմ, երբ ձեռքս ինչ-որ նկարող բան է ընկել: Դպրոցի բարձր դասարաններում պրոֆեսիոնալ նկարչի կազմակերպած դասերին էի գնում: Եղբորս ուսուցիչները նրա քառորդը երկուս չդնելու պայմանով գրողների դիմանկարներն էին հարկադրում ինձ նկարել, կախում էին կաբինետների պատերին: Հետո լրագրության ֆակուլտետ ընդունվեցի, խրվեցի մասնագիտության մեջ, դժվար տարիներ հաղթահարեցինք, երբ միշտ էլ մեր փոքրիկ աշխատավարձերով ենք հարց լուծել: Տեղյակ ես` տասնչորս տարի հեռուստատեսությունում եմ աշխատել, որը կլանում է ողջ օրդ: Սակայն հեռուստատեսությունից մնաց կյանքը կադրերով, պատկերներով տեսնելու կերպը: Երբ նայում եմ որեւէ ուղղությամբ` նկատում եմ մանրամասներ, դեմքերի գծեր, բնապատկերների գծեր, որոնք առաջին հայացքից պետք է որ նկատելի չլինեն: Թերթում աշխատելու տարիներին անգամ մի քանի ծաղրանկար եմ արել նյութերիս համար, ու դրանք դրվել են:

– Նկարելը վաղեմի երազա՞նք էր, հոգու պահա՞նջ, թե՞ իրավիճակի թելադրանք…

– Թերթում աշխատելը եւս ծանր է, վերջին տարիներին` քաղաքական վերլուծություններ էի անում: Էլի ժամանակ չկար, ինչպես ինձ էր թվում` հոբբիիս համար: Ֆինանսական պատճառներով մեր թերթը դարձավ շաբաթաթերթ, ամեն օր գրող լրագրողի համար դա, ինքդ էլ գիտես, մահ է: Բայց երեւի չկա չարիք՝ առանց բարիքի: Նկարելն ամբողջովին կլանեց ինձ ու մնաց: Ամեն ինչի վրա նկարելուց անցա կտավի վրա նկարելուն: Սկսեցի ակրիլային ներկերով, հետո անցա յուղաներկի: Ամեն առավոտ կարծես մեկն ինձ հաներ, տաներ նկարչական պարագաների մոտ: Վերցնում էի վրձինն ու մոռանում ամեն ինչ: Այդպես աննկատ նկարելն ուղղակի պահանջ դարձավ: Միգուցե նաեւ կուտակվել էր. անվերջ քաղաքական կյանքի հոգնեցնող սնամեջությունը, անընդհատ նույն մարդկանց կողմից ընտրությունից ընտրություն մաքսիմալ ցինիզմով տրվող խոստումները լսելը, որոնց ոչ ոք չի հավատում, եւ իրենք չեն հավատում, բայց շարունակում ու շարունակում են արվեստով խաբել: Ու էդ աղբի հետ խաղալը երեւի չորացրել էր հոգիս, հոգիս ելքեր էր փնտրում գորշությունից: Ելքերից մեկը գրելն է`գրում եմ նաեւ վիպակներ ու բանաստեղծություններ, որոնք կուտակվել են, երեւի մի երեք գրքի, բայց ֆինանսներ չեմ ունենում տպագրելու: Դե իսկ նկարելը պարզապես չգիտեմ` մի տեսակ մի օր եկավ ու լցվեց ներսս, գրավեց ու պինդ նստեց-մնաց:

-Գործերում ի՞նչ տեղ է գրավում թեման, կարելի՞ է ասել, որ բնանկարչությունը քո տարերքն է:

– Թեման ես հատուկ չեմ ընտրում` ներսումս է, նստում եմ կտավի առաջ, ու ինքն իրեն լցվում է: Երեւի այդպես է բոլոր նրանց մոտ, որոնք նկարելը ուղղակի սիրում են, ոչ թե հատուկ մտածում են` ի՞նչ նկարեն…Ես թողնում եմ սրտիս, որն էլ շարժում է վրձինս: Լսել ես, չէ՞, մի խոսք կա` սիրտս այս կամ այն է ուզում: Հիմա ինչ որ սիրտս է ուզում` լցվում է կտավի վրա: Հայաստանի բնությունն այնքան գեղեցիկ է, որ անընդհատ կարծես ասի` նկարիր ինձ: Սիրում եմ նաեւ մարդկանց դեմքեր նկարել, ու մեկ էլ, որպես երեւանցի, որպես ուրբանիստ` քաղաքային տեսարաններն են դյութում ինձ:

– Ինչպե՞ս կբնութագրես, կներկայացնես գործերդ, վերջիններս ինչ-որ ուղղության պատկանո՞ւմ են: «Աշնան քամին» շարքից իմպրեսիոնիզմի բույր է գալիս, իմպրեսիոնիզմը որեւէ ազդեցություն ունեցե՞լ է:

– Իզմերի մասին շատ չեմ մտածել, սիրում եմ պոստիմպրեսիոնիստներին, իմ սիրելի նկարիչներն ունեմ բոլոր իզմերից: Ընդհանրապես` կարծում եմ, որ նկարչի անձը, հոգին, ներաշխարհն ամբողջապես փոխադրվում են նրանց նկարներ, նկարիչը ոչ մի շանս չունի կեղծելու, ու էդ իմաստով` փայլուն նկարիչներ կան, որոնց նկարները միկրոտիեզերքներ են: Նաեւ նկարիչներ կան` եղել են ու կլինեն, որ արհեստավորի պես ամեն ինչ տեղը տեղին նկարում են: Սակայն դրանք չեն ձգում, ոչինչ չեն ասում իմ հոգուն, ու գունախաղը հենց միայն իր ձեւի մեջ, էն որ ասում են` սիրուն գույներով նկարներ են, նկարչության մեջ ինձ համար ոչինչ չարժե: Հիմա նկարիչները կասեն, էս դեռ չնկարած` նկարչությունից է խոսում: Թող ներողամիտ լինեն` լրագրողն ու գրողն է խոսում մեջս զուգահեռ: Հա, անհոգի նկարչությունն ինձ համար գոյություն չունի, չեմ սիրում այն նկարիչներին, որոնք ոչինչ չեն կարդում, վատ գիտեն գրականությունը, կամ ընդհանրապես չգիտեն, երաժշտությունը նրանց խորթ է, ու նկարչությունն իջեցնում են միայն պրոֆեսիոնալիզմի ու արհեստի մակարդակի:

– Ծրագրո՞ւմ ես անհատական ցուցահանդես բացել եւ հանրությանը ներկայացնել աշխատանքներդ…

– Ցուցահանդեսի մասին դեռ վաղ է մտածելը երեւի, չնայած մարդկանց համար ես նկարում ի վերջո, եւ ուզում ես, որ նրանք տեսնեն դա: Դե հիմա որեւէ մեկը դիտողի պրոբլեմ չունի, գոյություն ունեն հաղորդակցության ժամանակակից միջոցներ, երբ դեռ ներկը չչորացած` կարող ես ընկերներիդ դա ցույց տալ: Ես դա անում եմ Ֆեյսբուքում, ու պատկերացրու, Ֆեյսբուքի իմ ընկերների գրած նամակները նույնպես ինձ ոգեւորում են` նկարել ու նկարել: Այդուհանդերձ, ցուցահանդես, թող անհամեստ չհնչի, միգուցե գարնանը բացեմ: Դա նույնպես կապ ունի ֆինանսական միջոցների հետ` միաձեւ շրջանակներ եթե պատվիրես մի երեսուն նկարի համար, դա բավական կլորիկ գումար է, որը թերթի պստիկ աշխատավարձով հնարավոր չէ գոյացնել:

– Վերջերս ինձ համար բացահայտեցի, որ դու ոչ միայն լավ վերլուծաբան ես, այլեւ լավ поэтесса (այս բառը հայերենում կարծես լավ չի հնչում՝ բանաստեղծ, չոր է, կարծես լիրիկան միջից հանած լինեն), հիմա է՞լ ես բանաստեղծում:

– Բանաստեղծությունը կուտակված էներգիան պարպելու ձեւ է, ինչպես որ կայծակն է ամպի էներգիան պարպում. հոգումդ կուտակվածը փոխադրում ես, ես կասեի` ոչ թե թղթին, այլ վիրտուալ տարածք, դրանք եւս ծնվում են որպես ստատուսներ, մի ծածկանունով պրոֆիլ ունեմ սոցցանցերում, հենց այնտեղ էլ գրում եմ: Ինչու մինչեւ հիմա գրքեր չունե՞մ: Դե, որովհետեւ ես ամենից շատ տպագրվող լրագրողներից մեկն եմ եղել վերջին տարիներին, լսարանի պակաս չեմ ունեցել, մտածել եմ` միշտ էլ կարելի է տպել, կարեւորը գրելն է, ինտերնետ հնարավորությունն էլ միշտ առկա է: Վիպակներիցս երեքը դրված են մեր թերթի կայքում, այս տարի երկու նոր վիպակ եմ գրել ու մի երկու տասնյակ բանաստեղծություն: Արձակին վերաբերվում եմ լրջորին: Գրողական փառասիրություն չեմ ունեցել երբեք: Կայքում դրված վիպակներից յուրաքանչյուրը երեքից չորս հազար մարդ է բացել: Բայց հիմա հասկանում եմ, որ սխալվում էի, պետք է տպագրել, որովհետեւ այն տարածքը, որ միայն իմն է, ոչ ոք չի կարող վերցնել, այդ տարածքի մասին միայն դու կարող ես գրել: Ես գրել եմ իմ ժամանակի, իմ ընկերների ու հարազատների մասին, քննել-դիտարկել իմ կյանքի ու ինձ շրջապատողների կյանքի պարադոքսները: Հենց հարստացա` կտպագրեմ իրար հետեւից, որովհետեւ մեր սերնդին արդեն մոռանում են: Սերնդի կոլորիտային մարդկանց մասին քիչ բան գիտեն, հո մեր սերունդը մենակ քաղաքական տափակ գործիչների՞ց չէր կազմված:

Զրուցեց
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30