Մենք բոլորս անընդհատ գտնվում ենք սթրեսի ենթարկվելու վտանգի տակ: Որոշ մարդիկ, երբ սթրեսի մեջ են, ընդհանրապես ոչինչ չեն ուտում, մինչդեռ մյուսները կարող են այս պարագայում անդադար ուտել: Պետք է նշել, որ վերջիններս առավել մեծ թիվ են կազմում:
Ամեն պահի տարբեր սթրեսային իրավիճակներ կարող են առաջանալ, որոնք էլ ազդում են մեր օրգանիզմի եւ նյութափոխանակության վրա: Միեւնույն ժամանակ սթրեսը թուլացնում է մեր իմունային համակարգը: Յուրաքանչյուր անհատ յուրովի է հաղթահարում սթրեսը, որն էլ իր հերթին տարբեր ազդեցություններ եւ հետեւանքներ կարող է ունենալ տարբեր մարդկանց վրա:
Սթրեսից եւ անքնությունից ազատվելու միակ լուծումը դրա դեմ դեղահաբեր ընդունելը չէ: Ընդհակառակը, բնական միջոցները շատ ավելի առողջարար ու արդյունավետ են, որոնք օրգանիզմի վրա կողմնակի հետեւանքներ չեն թողնում:
Բնությունն առաջարկում է բազմաթիվ դեղաբույսեր, որոնք դրական ազդեցություն ունեն ոչ միայն սթրեսի, այլ նաեւ ընդհանուր առողջության վրա: Healthy Food House.com-ը ներկայացնում է մի քանի առավել մատչելի ու օգտակար դեղաբույսեր՝ սթրեսից ազատվելու համար:
Սկսեք ձեր օրը 5 հատ ընկույզ ուտելով: Ընկույզը հարուստ է վիտամին B-ով, որն էլ շատ կարեւոր է նյարդային համակարգի գործունեության համար:
Կարդացեք նաև
Սթրեսային իրավիճակներում անփոխարինելի միջոց է նարդոսը: Այս բույսը վաղուց արդեն օգտագործվում է անքնությունը բուժելու համար եւ նյարդային համակարգի այլ խանգարումների դեպքում: Նարդոսից թեյ են պատրաստում, ինչպես նաեւ դրանով լոգանք են ընդունում: Նարդոսը հանգստացնում է մկանները եւ նյարդերը, նաեւ օգտագործվում է քնի խանգարումների դեպքում:
Նարդոսի թեյը շատ հեշտ է պատրաստել, եւ դուք անմիջապես կարող եք զգալ արդյունքը: Մի բաժակ եռացող ջրի մեջ ավելացրեք երկու թեյի գդալ նարդոսի ծաղիկներ եւ թողեք 10 րոպե: Այնուհետեւ քամեք եւ քաղցրացրեք թեյը մի քիչ մեղրով: Խորհուրդ է տրվում օրական 2 բաժակ նարդոսի թեյ խմել:
Ցիտրուսային մրգերը պարունակում են վիտամին C, որը մասնակցում է սթրեսի ժամանակ օրգանիզմում արտադրված հորմոնների կենսասինթեզին եւ դրանց վերափոխմանը: Սթրեսային իրավիճակներում խմեք թարմ նարնջի կամ թուրինջի հյութ, որի մեջ կարող եք ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր: Մեղրն իր 63 միկրոտարրերով օգնում է հանգստանալ եւ նվազեցնել սթրեսը: Առավոտյան այս ամենն անելուց հետո խմեք մի բաժակ երիցուկի թեյ, որը եւս օգնում է ձեր օրգանիզմին՝ պայքարել սթրեսի դեմ:
Խոսելով սննդամթերքի օգնությամբ սթրեսը հաղթահարելու մասին՝ պետք է նշել, որ բարդ ածխաջրերն առավել կարեւոր են այս դեպքում, մասնավորապես՝ կարտոֆիլը: Այս խմբի մեջ են նաեւ կաղամբի բոլոր տեսակները, գազարը, նեխուրը եւ այլն: Լոբին եւս կարեւոր դեր ունի, ինչպես նաեւ ոսպն ու ոլոռը: Դուք կարող եք նվազեցնել սթրեսը նաեւ ծովամթերք, ձավարեղեն եւ ընկուզեղեն օգտագործելով:
Թարմ մրգերը եւս սթրեսը նվազեցնող հատկություն ունեն, մասնավորապես՝ ելակը, կեռասը, արքայախնձորը, կիվին, ձմերուկը եւ տանձը:
Անշուշտ, պետք է նշել, որ սնուցիչները զարգացնում են գերզգայունությունը՝ խորացնելով սթրեսը: Այս խմբում են ընդգրկված ալկոհոլը, սուրճը, կոֆեինով խմիչքները եւ շաքարը:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.11..2015