Մեղրը, թարմ բանջարեղենը, մրգերը լրացնում են կալիումի պակասը
Կալիումի պակասը եւ ավելցուկը զգացնել են տալիս օրգանիզմում՝ առաջացնելով մի շարք խնդիրներ: Եթե ցանկանում եք իմանալ՝ ձեր օրգանիզմում կալիումը պակաս է, ապա ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը նշում է, որ այդ ժամանակ նկատվում են մտավոր գործունեության, ըմբռնողության թուլացում, անվճռականություն եւ անվստահություն։ Մասամբ վատանում է հիշողությունը։
Ավելի հաճախ են դիտվում ֆիզիկական եւ մտավոր հոգնածության նշաններ։ Նվազում է ֆիզիկական դիմացկունությունը։ Շուտ են հոգնում։
Այդպիսի մարդիկ առավել զգայուն են դառնում ցրտի նկատմամբ։ Նախընտրում են տաք կերակուրներ։ Ձեռքերն ու ոտքերը հաճախ սառչում են։ Ոտնաթաթերի տակ առաջանում են կոշտուկներ։ Դիտվում են փորկապության հաճախակի երեւույթներ։ Այսպիսի մարդիկ ավելի են հակված հիվանդանալու։ Հաճախ հիվանդանում են մրսածությունից։
Ժամանակ առ ժամանակ կորցնում են ախորժակը, երբեմն սկսվում է սրտխառնոց եւ փսխում։ Այրվածքներն ու վերքերը դանդաղ են լավանում։
Կարդացեք նաև
Մաշկը հաճախ քոր է գալիս։ Փտած ատամներն ավելի շատ են, քան կարող էին լինել: Հնարավոր է՝ կորյակների առաջացում: Երբեմն թրթռում են կոպերը կամ բերանի անկյունները: Հաճախ լինում են մկանային ջղաձգումներ, առանձնապես ոտքերի մկանների, հատկապես՝ գիշերը։
Այսպիսի մարդիկ լարված վիճակից դժվար են թուլանում։ Գիշերները միշտ չէ, որ լավ են քնում։ Հոդերում կարող են առաջանալ արտրիտի տպավորություն ստեղծող ցավային զգացումներ։
«Տարիքի առաջանալու հետ նման մարդիկ պետք է ամենօրյա սննդի մեջ ավելացնեն օգտագործվող կալիումի քանակը։ Որպես կանոն, անհրաժեշտ է երկու անգամ շատացնել կալիում պարունակող այնպիսի մթերքների օգտագործումը, ինչպիսիք են մեղրը, թարմ բանջարեղենը, մրգերը, հատապտուղները։ Կալիումն անհրաժեշտ է ոչ միայն լավ առողջության պահպանման համար, քանի որ կատարում է մի շարք կարեւոր ֆունկցիաներ օրգանիզմում, այլ նաեւ կալիումի եւ նատրիումի միջեւ հավասարակշռության պահպանման համար»,- նշում է բժիշկ Ջարվիսը։ Նա կալիումի օգտագործման պարզ միջոցներ է առաջարկում:
1.Կարմիր պղպեղը կալիումի հարուստ աղբյուր է։ Այն կարելի է ավելացնել սննդի մեջ օրական մեկ կամ երկու անգամ։
2. Կալիումի աղբյուր է նաեւ մեղրի եւ խնձորի քացախի խառնուրդը ջրի հետ։
3. Մեկ բաժակ խաղողի, լոռամրգու կամ խնձորի հյութը օրական երկու անգամ կապահովի ձեր օրգանիզմն անհրաժեշտ կալիումով։
Առօրյա սննդի բազմազանության մեջ դուք պետք է կարողանաք որոշել, թե որ մթերքներն են ձեզ համար ավելի կիրառելի, եւ դրանք ավելի հաճախ օգտագործեք։ Խաղողի հյութը, որպես կալիումի աղբյուր, գործնականորեն անհրաժեշտ է շատ մարդկանց։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.11..2015