Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Դավիթ Հարությունյան, ձեզ ասում են՝ ձեր օրենքը վնասում է բիզնեսին, դուք ասում եք՝ սա է մեր օրենսդրությունը

Նոյեմբեր 20,2015 22:40

Oգոստոսի 27-ին «Առավոտ» օրաթերթում «Հայաստանում համակարգված սպանում են փոքր բիզնեսը» հրապարակում եղավ: Մեր այս հոդվածում ամերիկացի գործարար Դեյվիդ Բեքեթը, որը «Գրին Բին» սրճարանի համասեփականատերն է, մեզ հետ զրույցում ասել էր, մեր երկրում նոր բացվող, հատկապես փոքր ու միջին բիզնեսին կառավարությունը ոչ թե օգնում է ոտքի կանգնելու, այլ՝ տանում է սնանկացման: Բեքեթը նշել էր, որ ինքը դեռ նոր էր սկսել աշխատեցնել սրճարանը, մեկ էլ հանկարծ տարբեր տեսչություններից այցելել են, եւ երբ թերություններ են հայտնաբերել, անմիջապես պատժիչ «կացինն» են գործի դրել՝ տուգանել են: Մինչդեռ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում՝ նույնպես, ըստ գործարարի, նման դեպքերում նախ գործարարին նախազգուշացնում են՝ վերացնել թերությունները, ու հենց առաջին այցելությամբ չեն տուգանում:

Մինչ օրս կառավարությունը, Ազգային ժողովը այս հրապարակման հետ կապված պարզաբանումներ է ներկայացնում, բայց պատճառն այն չէ, որ կառավարությունն ընդունել է իր սխալներն ու որոշել է բարեփոխումներ անել, այլ այն, որ խնդիրը բարձրացրել է ամերիկացի գործարար, որի «մեջքին» ի դեմս ԱՄՆ դեսպանատան հզոր կառույց է կանգնած:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջին անգամ, երբ ԱԺ ամբիոնից անդրադարձավ հրապարակմանը, նշեց, որ ամերիկացի գործարարի հայտարարությունը շատ կարեւոր է իրենց համար, կան խնդիրներ եւ իրենք ուսումնասիրում են:

Է, որ ուսումնասիրեցիք՝ ի՞նչ, կառավարությունը փոխանակ ընդունի սխալները, շարունակում է «չոր կող» քաղաքականությունը: Օրերս կրկին ԱԺ ամբիոնից Հարությունյանը փորձեց արդարացնել կառավարության քարացած քաղաքականությունը: Մասնավորապես նախարարը պարզաբանել է՝ «Մաքսային հայտարարագիր ներկայացնելիս պետք է նշվի՝ մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդը պե՞տք է կիրառվի, թե՞ ոչ: Եթե կազմակերպությունը չի նշվում, օրենսդրության համաձայն գնահատումն անում է Մաքսային մարմինը: Տվյալ դեպքում տարբերությունը եղել է 10 հազար 800 դրամ եւ այն բխում է մեր օրենսդրությունից: Երբեւէ Մաքսային մարմինների գործողությունները ընկերության կողմից չեն բողոքարկվել: Ինչ վերաբերում է նրան, որ ընկերության ապրանքը դիտավորյալ 3 շաբաթ պահել են Մաքսային մարմնում, արդեն գնահատված է եղել ապրանքը, ընկերությունը թե ինչու չի վերցրել՝ հարց է»:

Պարոն Հարությունյան, եթե դուք կարդացել եք հոդվածը, կամ հանդիպել գործարարի հետ, ապա դժվար թե ձեր աչքից վրիպեր Բեքեթից մաքսայինում «մաղարիչ» ուզելու հայտարարությունը: Այս հարցը շրջանցեցիք, ոչ մի խոսք այս մասին չասացիք ԱԺ-ում:

Նախարարն, ըստ էության արդարացրեց մաքսայինի գործելաոճը. գործարարը մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջին անգամ, երբ իրենց սրճարանի համար փորձել է սուրճ ներկրել Հայաստան, նրանից մաքսայինում ինչ-որ գումար են պահանջել, երբ օտարերկրյա գործարարը հետաքրքրվել է՝ թե ինչի՞ համար են վճարում եւ փաստաթուղթ են պահանջել, նրանց ասել են՝ դա «մաղարիչ է». «Մենք ասացինք՝ ոչինչ չենք վճարելու, եթե օրենքով նախատեսված չէ: Չվճարեցինք ու մեր սուրճը դիտավորյալ 3 շաբաթ պահեցին մաքսայինում: Եւ մեր պայքարը, որպեսզի մեր սուրճը Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով (Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը. Ն. Բ.) ներմուծվի, բավականին երկար տեւեց, մինչեւ որ այլ շահառուներին չներգրավեցինք, որոնք եւս շահագրգիռ էին: Խնդիրն այդ հսկիչ գներն են, առաջին ներմուծումն այդ հսկիչ գներով արեցինք, սա այն գործիքն է մաքսայինում, երբ նրանք չեն վստահում եվրոպական հանրահայտ ընկերությունների տրամադրած փաստաթղթերին ու գներին, եւ մաքսայինը մաքսազերծման իր գինն է սահմանում: Սա անընդունելի է, երբ Հայաստանը բոլոր կողմերից փակ սահմաններ ունի, իսկ մաքսայինի պատճառով մեզ մոտ գները 20-25% բարձր է լինում տարածաշրջանում, իսկ վերջնական գինը սպառողի համար ավելի բարձր է լինում»:

Պարոն Հարությունյան, դուք պնդում եք, որ մաքսայինը գործել է օրենքի սահմաններում, այո, իհարկե, բայց գործարարը չի էլ ասել, թե  մաքսայինն օրենք է խախտել, երբ հսկիչ գներով են որոշել հաշվարկել, կրկնեմ՝ գործարարն ասել է՝ Հայաստանի նման երկրում, երբ մի քանի կողմից փակ սահմաններ կան, նման մեթոդն անընդունելի է, այդպես կամայական գին որոշելով սպառողի համար ապրանքի վերջանական գինը բարձր է լինում, ինչը շահավետ չէ նաեւ բիզնեսին:

Ինչ-որ 10 հազար դրամի մասին եք նշել, ախր խնդիրը գումարի չափը չէ, պարոն Հարությունյան, խնդիրը, կարծում եմ, ինքներդ էլ գիտեք՝  որն է: Հիշեցնեմ՝ նյութում գրել էինք՝ գործարարի խնդիրները չեն շտկվել, մինչեւ գործին չի խառնվել ԱՄՆ դեսպանատունը:

Հա, հրշեջ ծառայության ստուգմանն էլ եք անդրադարձել՝ «տուգանվել է տնօրենը, քանի որ օբյեկտը ապահոված չէր հրդեհաշիջման միջոցներով»: Այո, պարոն Հարությունյան, Բեքեթը մեր թերթին չէր ասել, որ ինքն անթերի էր, ու իրեն ապօրինի են տուգանել, գործարարն ընդամենը մեր կառավարությանը բարի խորհուրդ էր տվել՝  կարելի է նոր բացված բիզնեսին թերությունները վերացնելու համար ժամանակ տալ, եթե չկատարի, նոր տուգանեք, ինչը խրախուսող հանգամանք կլինի  այն գործարարների համար, որոնք մեր մենաշնորհված ու կոռուպցիոն ռիսկերով լինի տնտեսությունում ներդնում անելու համարձակության են գնում: Ընդ որում, այս սրճարանին միայն հրշեջ ծառայությունից չեն այցելել ու տուգանել:

Ամերիկացի գործարարը մեզ հետ զրույցում ասել էր, որ երբ որոշել էր Հայաստանում սրճարան բացել, դաշտը բավական ուսումնասիրել է, բայց չի կարողացել գտնել մի կառույց, մի փաստաթուղթ, որը ներդրողին համապարփակ տեղեկատվություն կտար՝ թե ՀՀ օրենսդրությունն, օրինակ սրճարան բացելու համար ինչ պահանջներ է դնում: Գուցե դիտավորյալ նման հնարավորություն գործարարներին չի ընձեռվում, որպեսզի Բեքեթի նման օբյեկտը թերություններով սկսեն աշխատեցնել, «տուգանիչներն էլ» գան ու փող քերեն:

Ահա այսպիսին է «Doing Business»-ում  ձեր գրանցած առաջընթացը՝ բիզնես գրանցելը հեշտ է, ամերիկացի գործարարն էլ էր «կուտը կերել» ու երբ բուն բիզնեսն էր սկսել՝ փոշմանել: Հետո չասեք, թե օտարերկրյա ներդրումները պակասել են:

2012-ին Aravot.am-ը «Ես զզվում եմ այս նախագահից» վերնագրով մի հոդված էր գրել, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանն իր «Նատալի ֆարմի» միջոցով սնանկացրել հայ գործարարին: Այն ժամանակ կառավարությունը այս բիզնեսին աջակցելու որեւէ քայլ չէր ձեռնարկել, արդյունքում դեղորայքի բիզնեսով զբաղվող Գառնիկ Սահակյանն առողջական խնդիրներ ձեռք բերեց, հետո «թքեց ամեն ինչի վրա» ու, եթե չեմ սխալվում՝ արտագաղթեց: 2012-ից հետո նոր կառավարություն է ձեւավորվել, բայց երկրում բան չի փոխվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30