ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը վստահեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքներ հանձնել-չհանձնելու հարցն այսօր անհեթեթ խոսակցություն է:
Aravot.am-ը պարոն Զուրաբյանին հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի՝ ազատագրված տարածքների հանձնման մասին տեղեկատվություն հրապարակվեց ռուսական ԶԼՄ-ներից մեկում, այնուհետև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան ոչ ժխտեց, ոչ էլ հաստատեց, որ հակամարտության նման լուծման տարբերակ դրված է սեղանին, հետևաբար գուցե լուծման այդ տարբերակը վաղ թե ուշ անխուսափելի՞ է դառնալու, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Դա ապատեղեկատվություն էր: Բանակցային գործընթացն այդքան պարզունակ չէ, որ ասենք՝ նման ընթացք կունենա և նման ձևով զարգացումները կգնան: Դա համալիր լուծումների շրջանակում է լինելու: Ընդհանրապես ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, երբ այս թեմայից խոսում է, մի քիչ ավելի զգուշավոր պետք է լինի»:
Արարատ Զուրաբյանը վստահ է, որ գոնե այս հարցում ՀՀ և ԼՂՀ իշխանությունները երբևէ չեն գնա մի քայլի, որը անընդունելի կլինի մեր հանրության համար: Դառնալով պարտադրանքներին՝ պարոն Զուրաբյանը նկատեց, թե այսօր աշխարհն այս հարցում մեզ հետ չի խոսում պարտադրանքների լեզվով. «ՌԴ-ն այն երկիրն է, որի համար շահավետ է այս հակամարտությունը, քանի որ դրա առկայությունն է, որի շնորհիվ ՌԴ-ն իր ազդեցությունն այս տարածաշրջանում պահպանում է: Եթե չլինի այդ հակամարտությունը, ՌԴ-ի ազդեցությունն այս տարածաշրջանում շատ կասկածելի կլինի: Իսկ եթե ՌԴ-ն շահագրգռված լիներ այս հակամարտության լուծմամբ, այն արդեն իսկ ինչ-որ ձևով հաղթահարված կլիներ»:
Մեր այն դիտարկմանը որտեղի՞ց այդքան վստահություն Ռուսաստանի նկատմամբ, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Հակառակը, դա վստահություն չէ: Ցավոք, այս հարցում մենք գործոն չենք: Մենք ինքներս մեզ նվիրել ենք Ռուսաստանին: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ-ի զարգացման բանալին ՌԴ-ում չէ: ՀՀ-ն պետք է ընտրի ընդհանրապես քաղաքակրթական արժեքային համակարգ, որի կրողն աշխարհում ՌԴ-ն չէ և այդ հարթակում փորձի գործել: Իսկ այսօր թե′ մեր իշխանությունը, թե′ ընդդիմության մեծամասնությունը ռուսամետ է»: Մեր այն հիշեցմանը՝ քաղաքակրթական այդ ճանապարհն ընտրողներին առաջին նախագահը ջղաձգվողներ անվանեց, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Իրենց իրավունքն է անվանել մարդկանց կամ երևույթները ինչ կերպ ուզում են: Կարծում եմ, ով ինչ էլ անվանի, հոգու խորքում պատկերացնում է՝ որն է ճանապարհը: Ասենք լույսից հրաժարվենք հանուն ստվերի կամ հանուն մթա՞ն, կարծում եմ՝ նորմալ չէ թե′ քաղաքական գործչի համար, թե′ ընդհանրապես»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հեռանկարներ են ուրվագծվում, այս անգամ ինչ-որ բան կստացվի՞, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ սա գործընթաց է, որ ընթանալու է: Ցավոք, շատ ավելի դանդաղ ու մեղմ է ընթանալու, բայց միևնույն է, այդ գործընթացն անբեկանելի է: ՌԴ-ն դեռ չի գիտակցել, որ ինքն այլևս կայսրություն չէ: Այսօր երևույթներն անցել են նախկին խորհրդային միության սահմաններ, և հերթով դրա մաս կազմող պետությունները կամաց-կամաց անջատվում են ՌԴ-ից, դա գործընթաց է, որն ընթանալու է»: Մեր դիտարկմանը, բայց Հայաստանի պարագայում այդ անջատումը միշտ զուգակցվելու է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, պարոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Հեշտ լուծումներ այստեղ չկան, բայց, միևնույն է, այդ գործընթացը մի օր ընթանալու է: Մենք չենք կարող թաքնվել ավազի մեջ ու ասել, թե չկա խնդիր: Ինչ-որ մի օր այդ խնդիրը գալու է մի վիճակի, երբ պետք է լուծում ստանա: Ուղղակի պետք է փորձել դրանից շահել առավելագույնը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ