«Ազատություն». Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց Սյունիքի մարզպետի տան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը:
Բուդաղյանը բողոքարկում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, ենթարկվել էր դրամական տուգանքի և համաներմամբ ազատվել պատժից:
Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանն այսօր դատարանում հայտարարեց, թե միջադեպի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի պահվածքն էլ վկայում է, որ նրա եղբայրը սպառնալիքներ է հնչեցրել․ – «Նա [Ավետիք Բուդաղյանը] րոպեներ առաջ դեպքի վայր հասնելով, զգուշացրել է այնտեղ գտնվողներին Արտակ Բուդաղյանի գալու մասին՝ հորդորելով, որպեսզի նրանք զգույշ մնան»:
Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գործով տուժողը Սուրիկ Խաչատրյանի կինն է՝ Լորետա Բարսեղյանը, և պետք է հիմնավորվեր, որ հենց նրա հասցեին են հնչել սպանության սպառնալիքները: Մինչդեռ, Ալումյանի խոսքով, վկաները իրենց սկզբնական ցուցմունքներում ոչինչ չէին ասել սպառնալիքների մասին․ – «Ամենամերձավոր ազգականներն են Սուրիկ Խաչատրյանի, Տիգրան Խաչատրյանի, Տրդատ Խաչատրյանի, մեկը մորաքույրը, մեկը հորաքույրը․․․ Ի՞նչը կարող էր դրդել այս անձանց չասել ոչինչ սպառնալիքների մասին, եթե սպառնալիքները իրոք եղած լինեին»:
Կարդացեք նաև
Դատախազը հակադարձեց․ – «Դեպքի վայրում Արտակ Բուդաղյանին ամենից մոտ կանգնած է եղել տուժող Լորետա Բարսեղյանը, և վերջինս էլ մեղադրողի կողմից կատարված կոնկրետ հարցադրմանը հստակ պատասխանել է, որ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, բացի իր ամուսնու և ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքներից, կոնկրետ սպառնացել է նաև իրեն՝ հայտարարելով, որ սպանելու է»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: