ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ծանոթ է ընտրացուցակների ուռճացման մասին մամուլի հրապարակումներին ու վստահեցնում է, որ դրանք ապատեղեկատվություն են:
«Ընտրողների ցուցակը կազմվում է քաղաքացու տասնութ տարեկանը լրացած լինելու հանգամանքի եւ ՀՀ-ում հաշվառում ունենալու հիմքով: Եթե անձն ունի հաշվառում Հայաստանում ու ընտրական իրավունք, նրա վերաբերյալ տեղեկությունները մտցվում են ընտրողների ցուցակ: Հետեւաբար տվյալ անձը, եթե բացակայում է հանրապետությունից կամ բացակայել է երկար ժամանակով, սրանք հիմքեր չեն, որ անձին հանեն ընտրացուցակներից: Անձին կարելի է հանել ընտրացուցակներից, եթե ինքը ներկայացնում է հաշվառումից դուրս գալու դիմում կամ սեփականատերը, որի հասցեում կա որեւէ քաղաքացու հաշվառում, դիմում է լիազոր մարմնին սահմանված կարգով նրան հաշվառումից հանելու համար:
Ինչ վերաբերում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը վիճակագրական թվերի հետ համադրելուն, ապա վիճակագրական ցուցանիշները ստացվում են բոլորովին այլ սկզբունքով: Վիճակագրական ցուցանիշները կապված մարդահամարի հետ, դա առկա բնակչությունն ու ժամանակավոր բացակայողներն են: Ժամանակավոր բացակայողներն այն քաղաքացիներն են, որոնք հանրապետությունից բացակայում են ոչ ավելի քան մեկ տարով, եթե մեկ տարուց ավելի անձը բացակայում է նրա տվյալները չեն ներառվում մարդահամարի տվյալների մեջ, բայց եթե շարունակում է հաշվառված մնալ, նրա մասին տեղեկությունները շարունակում են զետեղվել ընտրողների ցուցակում»:
Պարոն Մուկուչյանի խոսքով, բացարձակ իդեալական ընտրացուցակ պատկերացնել հնարավոր չէ, որովհետեւ որոշակի ժամանակ առաջ այդ ցուցակները կազմվում ու փոխանցվում են հանձնաժողովին, բայց քվեարկության օրը կամ դրանից մեկ, երկու օր առաջ ընտրողներ են մահանում, բայց նրանց մասին տեղեկությունները ցուցակներում են:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ