«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որեւէ նախադրյալ չի տեսնում նրա համար, որ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման այս փուլում տարածքների վերադարձի հարց դրվի բանակցային սեղանին: «Դրանք խոսակցություններ են ավելի շատ, քան ռեալ գործընթաց»,- ասաց նա:
Այդ մտավախությունները, հիշեցնենք, հայաստանյան քաղաքական դաշտում կրկին սկսեցին ակտիվանալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո, երբ ռուսական «Կոմերսանտ» պարբերականում հոդված տպագրվեց, որտեղ խոսվում էր այն մասին, որ Լավրովը Երեւան կատարած այցի ընթացքում, բանակցել է հինգ շրջաններ Ադրբեջանին զիջելու մասին, որի դիմաց Ադրբեջանը պատրաստ է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:
Տարածքների վերադարձի մասին խոսել են անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները: Բայց խոսքը գնում էր կարգավիճակը հստակեցնելու փաթեթային լուծումների մասին ու մոտեցումը հետեւյալն էր ` տարածքների վերադարձ երբեք չի լինի, քանի որ Ադրբեջանը երբեք չի գնա այդ տարբերակին ընդառաջ:
Ոչ աշխարհաքաղաքական, ոչ, այսպես ասած, կուլիսային զարգացումներում, Արամ Կարապետյանը չի տեսնում «տարածքներ ԼՂՀ կարգավիճակի դիմաց» ծրագրի կիրառում այս ուլում: Ադրբեջանի կողմից տարածքների ետ ստացման միակ տարբերակը նա համարում է նոր պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը կարողանա հաղթել, բայց դա տեսանելի չէ: «Մեկ այլ տարբերակն էլ այն է, որ զարգացումներն ինչ-որ արտառոց հուն մտնեն եւ խաղաղարար ուժերի անվան տակ ինչ-որ զորքեր մտցվեն: Այսինքն, այն, ինչի մասին որ Բակո Սահակյանը խոսեց Մոսկվայում` Ստեփանակերտի օդանավականի համատեքստում»,- ասաց նա` հավելելով, որ այս տարբերակն էլ իր կարծիքով այժմ կիրարկելի չէ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ