Մեղրի քաղաքը «քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է լինելու
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի այն հայտարարությունից հետո, որ «Մեղրի քաղաքում քաղաքապետի մասնակցությամբ մի միջոցառման ժամանակ քաղաքապետն ուղղակիորեն սպառնալիքներ էր տեղացել`ասելով, թե ես պիտի որոշեմ՝ ովքեր ինչպես պետք է քվեարկեն: Դրանից հետո մեր հնարավոր դիտորդներից, որոնք արդեն անդամագրվել էին, ուղղակի հրաժարվեցին դիտորդական առաքելություն իրականացնելուց», Մեղրի քաղաքապետը հանրաքվեի օրը Մեղրի է հրավիրել աշխարհի բոլոր դիտորդներին:
Այս առնչությամբ Aravot.am-ը «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ թե ինչ կարծիք ունի այս առնչությամբ, քանի որ նախաձեռնության անդամները վերջերս հանդիպում են ունեցել Մեղրիի քաղաքապետի հետ: Ընդ որում, Մեղրի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել. «Թող վերահսկեն, բայց ի՞նչ իրավունք ունի քաղաքում նման տականք լինի, ու նման հայտարարություն արած լինի: Այն դեպքում, որ ես հարյուր տեղ ասել եմ, թե համեցեք, ցանկացած մարդ կարող է իր վրա դիտորդական առաքելություն վերցնել: Թող ամբողջ Հայաստանը գա, նստի, նայի»:
Լեւոն Բարսեղյանը մի դրվագ պատմեց Մեղրիի քաղաքապետի հանդիպումից, եւ վստահեցրեց, որ Հովհաննիսյանին ամենեւին էլ դուր չի եկել, որ այդ քաղաքում դիտորդական առաքելություն է գործելու. «Այդ մարդը մի քանի ժրաջանորեն կրկնեց՝ Մեղրին միահամուռ է, եկեք, տեսեք՝ այստեղ ինչ օրինակելի ընտրություններ են լինելու: Ես ասացի՝ հարգելիս, չէինք նախատեսել Մեղրիում դիտորդ ուղարկել, բայց այդ ձեր հավաստիացումները մեզ ստիպեցին, որ իսկապես, 2 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն ունենանք, տեսնենք, սովորենք: Նա ասաց՝ ես անգամ առանձին սենյակ կտամ ձեզ, ես էլ ասացի՝ գործ չունեք, իշխանությունը ձեզ կհալածի: Ինչ վերաբերում է նրա հարցազրույցին՝ ծանոթ եմ: Ես չգիտեմ ինքն ում նկատի ունի տականք ասելով, մենք 5 հոգի էինք այնտեղ, եւ մարդը երեւի մեզնից մեկն ու մեկին նկատի ուներ: Իր պես մարդկանց ռեպլիկներն ուղղակի մեզ շոյում են, ինձ համար վիրավորական կլիներ, եթե նա դրվատանքով խոսեր մեր թիմի մասին: Մեղրին, այսուհետ, ամենամեծ լրջությամբ, իսկապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Անդրադառնալով նույնականացման քարտերով ընտրությունների մասնակցությանը, Aravot.am-ը հիշեցրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը. «Մենք ցուցակներում ունենք միայն մոտ հարյուր քաղաքացի, որոնց անուններն ու ազգանունները, հայրանունները, ծննդյան թիվն ու տարեթիվը համընկնում են: Բայց պարզաբանում է ներկայացվել, որ նշված անձինք ոչ թե նույն անուն ազգանունի մեխանիկական կրկնության արդյունք են, այլ տարբեր անձինք են, բնակվում են տարբեր համայնքներում»: Պարոն Բարսեղյանին նաեւ հիշեցրեցինք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակի պատասխանատու Մարտիրոս Հակոբյանը հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշումներ են լինում, պարոն Բարսեղյանն ասաց. «Եթե կա գեթ մեկ հոգի, ով կասկածում է, որ տեղի է ունենալու կեղծիք, իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որպեսզի կասկածները փարատվեն, բեկանվեն, խափանվեն.«Մարդիկ էլ ասեն՝ այ մարդ, դզեց: Մենք մշտապես առաջարկել ենք այդ գործիքները՝ ընտրություններից հետո հրապարակեք մասնակցածների ցուցակները, որպեսզի ստուգենք, այս մեր կասկածը չի փարատվում»:
Պարոն Բարսեղյանը մեկ անգամ եւս նկատեց՝ նույնականացման քարտերով անձը կարող է քվեարկել հանրապետությունից բացակայողի փոխարեն:
Մանրամասն տեսանյութում՝
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյան էլ օրինակներ բերեց, թե ինչ տեսակի ընտրակեղծիքներ են տեղի ունենում, եւ ասաց, որ ընտրակեղծարարության շրջանակներում իշխանությունը մշտապես փորձում է չտալ փաստեր:
Մանրամասն՝ տեսանյութում՝ ավելի ուշ.
Նելլի ԲԱԲԱՅԱՆ