Դավիթ Բաբայանի հիշեցումը
Երեկ խորհրդարանում, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պատգամավորների փակ հանդիպումը: Հանդիպմանը, բացի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից այլ պատգամավորներ էլ են մասնակցել: Ի թիվս այլ հարցերի, նախարարն ու պատգամավորները խոսել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքից: Հանդիպման ժամանակ, նախարար Նալբանդյանը հավաստիացրել է պատգամավորներին, որ ԼՂՀ կարգավորման հարցում ոչ ցանկալի զարգացումների հավանականություններ չկան:
Հիմնական մտավախությունները, նկատենք, պայմանավորված են ռուսական «Կոմերսանտ» պարբերականում տպագրված հոդվածով, որտեղ խոսվում էր այն մասին, որ Լավրովը Երեւան կատարած այցի ընթացքում, բանակցել է հինգ շրջաններ Ադրբեջանին զիջելու մասին, որի դիմաց Ադրբեջանը պատրաստ է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, Նալբանդյանը կրկնել է այցից հետո ՀՀԿ-ական պաշտոնյաների արած հայտարարություններն այն մասին, որ այդ այցի ընթացքում տարածքների վերադարձման հետ կապված որևէ հարց չի քննարկվել:
Aravot.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ տարածքների վերադարձի մասին մտահոգություններ իրենք չունեն: Այդ առիթով բոլոր խոսակցությունները Ստեփանակերտում «լոկ շահարկումներ» են համարում, որոնք «ինչ-որ ուժեր անընդհատ փորձում են իրականացնել»: Նա արտառոց բան չի տեսնում նաեւ ՀՀ ԱԳ նախարարի եւ պատգամավորների փակ հանդիպման մեջ: Ավելին, կարծում է, որ նման հանդիպումներն ու քննարկումները միշտ էլ օգտակար են: «Իսկ տարածքների վերադարձի հարց մեր օրակարգում չի եղել ու չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ