Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր բացվեց Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված են հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթներն ամբողջացնող կտավներ եւ լուսանկարներ: Ցուցադրությունն ընդհանուր առմամբ ներառում է 46 աշխատանք, այդ թվում՝ կալիգրաֆիաներ եւ բնանկարներ։
«Նկարների մի մասը ստեղծել եմ Իրանի մզկիթները եւ պալատները զարդարելու համար՝ պատվերով: Ունեմ 100-ից ավելի բնանկար, որոնք պատկերում են Իրանը (նկարչի ծննդավայրն է) եւ Հայաստանը: Ժամանակին ընկերոջս հետ շրջել եմ նաեւ Հայաստանով եւ նկարել տեսարժան վայրերը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդման Այվազյանը:
Կարդացեք նաև
Նկարչից հետաքրքրվեցինք, թե որն է նրա ոգեշնչման աղբյուրը: «Առանց նկարչության կյանք չունեմ, բայց չեմ կարող բացատրել՝ ինչն է ինձ ոգեշնչում: Նկարչությունը կարծես իմ մեջ լինի»,-ասաց նա:
Այվազյանը նաեւ նշեց, որ իր ֆրեսկոները զարդարում են Թեհրանի սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նաեւ Իրանի այլ հայկական եկեղեցիներ: Էդման Այվազյանի տաղանդը դրսեւորվել է ոչ միայն գեղանկարչության եւ գրաֆիկայի, այլեւ ճարտարապետության եւ դիզայնի ասպարեզում: Հավելենք, որ 83-ամյա նկարիչը բնակվում է Լոնդոնում, որտեղ տարին 4-5 ցուցահանդես է կազմակերպում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ