Երեւանի բնակիչ, 1965թ. ծնված Արմեն Այդինյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»):
Երեւանի բնակիչ,1969թ. ծնված Արթուր Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի ամսից մինչեւ 2013թ. մայիս ամիսը զբաղեցնելով ոստիկանության Իջեւանի բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ Հովհաննես Ղալթախչյանի, Արամ Աթաբեկյանի, Համբարձում Սաքանյանի իրավունքներին եւ օրինական շահերին: Ա. Եգանյանը եւ Ա. Այդինյանը գտնվում էին կալանքի տակ:
Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ-ի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման հիմքով Ա. Եգանյանի մասով քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Դատավոր Մելքոնյանը նոյեմբերի 4-ին վճռել է Ա. Այդինյանին դատապարտել3 տարի ազատազրկման, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Դատավորը համաներման վերոհիշյալ որոշման հենքով վճռել է Ա. Այդինյանին ազատել նշանակված, ազատազրկման ձեւով պատժից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ