Շվեյցարական Սանկտ Գալեն քաղաքում սեպտեմբերի 17-20-ն անցկացված «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթին ներկայացվել է 29 երկրի 103 տառաստեղծների 119 աշխատանք:
«Սա ակնառու հաջողություն է, որովհետև մրցույթի մեկնարկին մենք ընդամենը չորս տասնյակ հայտեր ունեինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը:
Հիշեցնենք, որ հայկական տառատեսակների պահպանման և մշակման համար Հայաստանի ազգային գրապալատը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, 2008 թվականից անցկացնում է «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթը: 2010-ից մրցույթի կազմակերպչական պարտավորություններն ստանձնել է Մյունխենի տպագրական դիզայներների միությունը, որից հետո մրցույթն անցկացվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, Երևանում, Հոլանդիայի Ամստերդամ և Իսպանիայի Բարսելոնա քաղաքներում:
«Դեռևս 2007 թվականին միտք ծագեց Հայաստանի ազգային գրապալատում առանձնացնելու մի բաժին, որը կզբաղվեր հայկական տառատեսակների մշակմամբ,- ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը.- մտքի զարգացումը տարավ նրան, որ հիմնվեց ավելի լայն՝ ոչ լատինական տառատեսակների մրցույթ»:
Կարդացեք նաև
«Առաջին անգամ 2009 թվականին եմ եղել Հայաստանում և հպարտ եմ, որ հիմա էլ եմ այստեղ: «Գրանշան» մրցույթի գաղափարը ծնվել է Հայաստանում: Սա ոչ լատինական տառատեսակներին նվիրված միակ մրցույթն է, և ես շատ ուրախ եմ, որ դուք զարգացրիք այս ծրագիրը»,- ասաց «Գրանշան» միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Բորիս Կոխանը:
Նշենք, որ մրցույթի անվանակարգերը տարեցտարի ավելանում են: Այս տարի այն տասը անվանակարգ է ունեցել՝ հայկական, չինական, կիրիլյան, հունական, հնդկական, հրեական, արաբական, թաիլանդական, կորեական տեքստային և ազատ ոճի տառատեսակներ:
Բորիս Կոխանը հենց լրագրողների հետ հանդիպման ընթացքում էլ դիպլոմներ հանձնեց «Գրանշան 2015» մրցույթում հայկական տեքստային տառատեսակներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրած Մարիետա Արզումանյանին (MAA Marieta), Սյուզի Հակոբյանին (SHK Aida) և Նվարդ Իսկաջյանին (INS Mush):
«Հատուկ կարծիք» դիպլոմի արժանացավ Ռիմա Նանայանը (NRJ Rima), իսկ Հրաչուհի Գրիգորյանին (HASH Hripsime) դիպլոմ շնորհվեց «Ազատ ոճի տառատեսակներ» անվանակարգում 3-րդ տեղը զբաղեցնելու համար:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ