Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն աշխատող տարվա կտրվածքով 60 դոլար է վճարում պետության՝ վարկային միջոցների ոչ արդյունավետ ծախսելու համար»

Նոյեմբեր 20,2015 17:36

Վարկերից ակնկալվող արդյունքները, որը պիտի ազդեին տնտեսության զարգացման վրա, կարելի է ասել՝ զրոյական են: Այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա նկատեց, որ եկող տարի Հայաստանի Հանրապետության պարտքը մոտենալու է 50%-ի շեմին՝ 4.8 միլիարդ դոլարի:

Պարոն Մանուկյանի դիտարկմամբ՝ մեր երկրում վարկերն ավելի արագ են աճում, քան մեր երկրի համախառն ներքին արդյունքը:

Մանուկյանն ասաց, որ եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են վարկերն ազդում բյուջետային ծախսերի արդյունավետության վրա, եւ եթե առանձնացնենք 4 խոշոր ոլորտներ՝ պաշտպանություն, անվտանգություն, տնտեսության աշխուժացում եւ կառավարման ոլորտ, ապա ըստ էության, դրական արդյունք չի նկատվում:

«Երբ ուսումնասիրում ենք, թե այդ վարկերը ինչպիսի որակական ազդեցություն են թողնում աշխատեղերի, զբաղվածության վրա, ապա արդյունք չկա: Մի կարեւոր բան էլ՝ վարկերի հիմնական մասն ուղղվում են ենթակառուցվածքների զարգացմանը, մի մասը՝ սարքավորումների ու շինարարությանը, այսինքն, այն ոլորտներին, որոնք կոռուպցիոն ռիսկերով զգայուն ոլորտներ են: Այսինքն, ի սկզբանե այն ոլորտներն են, որտեղ ֆինանսների փոշիացման հավանականությունը ավելի մեծ է: Սոցիալական աջակցության ծրագրերն էլ, որ նայում ենք, եւս արդյունավետ չեն»,-ասաց տնտեսագետը:

Վարկային միջոցների, պետգնումների ծախսային արդյունավետության մասին էլ Արտակ Մանուկյանն ասաց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվություններից էլ պարզվում են, որ անարդյունավետ են ծախսերը, եւ գրեթե չկա մի ծրագիր, որտեղ Վերահսկիչ պալատը խնդիրներ չհայտնաբերեր, կամ խնդրահարույց երևույթներ չնկատվեր:

Մանուկյանի դիտարկմամբ՝ կազմակերպությունները, որոնք վարկեր են տալիս, պարզապես իրենց շահերն ունեն, ու աչք են փակում իրենց տված փողերով ծրագրերի անարդյունավետ ծախսերի վրա, իրենց արդյունքը շատ չի հետաքրքրում. «Օրինակ` կրթության ոլորտում ծրագրեր կան, համաշխարհային բանկը նշել է, որ ընթացակարգերը չեն պահպանվել, բայց էլի հաղթող է ճանաչել ու վարկ տվել է»:

Արտակ Մանուկյանն անդրադառնալով եկող տարվա բյուջեի հիմքում դրված 2,2%

տնտեսական աճին, ասաց, որ ամբողջ աշխարհում 3,8% աճ է կանխատեսվում, իսկ մեզ մոտ այսքան ցածր: «Պատկերացրեք, դուք զարգացող երկիր եք, պոտենցիալը քիչ եք օգտագործում, վարկ եք վերցնում, որ արագ զարգանաք, քան միջինում է դա արվում, բայց հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ եք վարկ վերցնում, որ 2,2 % աճ պիտի լինի»,-նշեց Մանուկյանը:

Ընդ որում, Մանուկյանը նկատեց, որ 2016 թվականին չեն կրկնվելու այս տարվա բացասական սցենարները՝ պղնձի միջազգային գների անկում, տրանսֆերտների կրճատում, ուստի 2,2% տնտեսական աճն էլ, կարելի է ասել 2,2% չպիտի լիներ:

Մեր երկրի վարկային ծանրաբեռնվածությունը հաջորդ սերունդների համար լուրջ բեռ է լինելու, ըստ Մանուկյանի, ներկայումս ունենք 1,1 միլիոն զբաղվածներ, եւ դեռ այս վերջին շրջանի նոր վարկերը չհաշված, 2014-ի տվյալներով 67 միլիոն դոլար է ուղղվել եղած վարկերի սպասարկմանը. «Սա նշանակում է՝ ամեն աշխատող տարվա կտրվածքով մոտ 60 դոլար անուղղակիորեն վճարում է պետության՝ վարկային միջոցների ոչ արդյունավետ ծախսելու համար, այդ թիվն ավելանալու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30