«Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը նոյեմբերի 20-ին կազմակերպել էին «Անալիտիկոն» ամսագրի հոկտեմբեր ամսվա «Ինչպե՞ս ձեւավորել հանրային օրակարգ» թեմատիկ համարի հանրային քննարկումը:
Քննարկման ընթացքում մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քաղաքական բոլոր գործընթացների վերաբերյալ որոշումները կատարվում են Հանրապետության կուսակցության գործադիր մարմնում:
Մեդիափորձագետի մյուս մտավախությունը այն է, որ Սերժ Սարգսյանի չորս մամուլի խոսնակներից եւ ոչ մեկը քաղաքական հայտարարությամբ հանդես չի եկել, բոլոր այդ հայտարարություններն անում է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
Կարդացեք նաև
«Սա արհեստական քաղաքական օրակարգ է, որը մտցնում են մեր մեջ, եւ ես չեմ մեղադրում մամուլին, չեմ մեղադրում հասարակական-քաղաքական լրատվամիջոցներին, որոնք գնում են այդտեղ: Բա ի՞նչ անեն՝ ուրիշ ոչինչ չի կատարվում՝ Ազգային ժողովում կատարվողը բերում են, Կառավարությունում կատարվողը բերում են, բայց մնացած ամբողջ քաղաքական անցուդարձը, որ իրենք ուզում են ստանալ՝ մի հետաքրքիր բան, որ տան հասարակությանը, իսկ օրակարգը արհեստականորեն մղվել է դեպի մի կուսակցության գրասենյակ»,- ասաց նա:
Civilnet.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը նշեց, որ լրատվամիջոցների առջեւ շատ մեծ մարտահրավերներ են առաջացել՝ մի կողմից՝ թվում է, թե կա խոսքի ազատությունը, բայց հաճախ մոռացվում է, որ խոսքի ազատությունը խոսքի անկախություն չէ. «Հայաստանում այսօր չկա որեւէ անկախ լրատվություն ստեղծող լրատվամիջոց, որը ինքնաբավ է: Եթե կա մի լրատվամիջոց, որը որակյալ բովանդակություն է ստեղծում, իր ռեսուրսները ներսից չի ստանում, բիզնեսի հետ չի շփվում, շուկայի հետ հայկական կապ չունի: Ինչը շատ վտանգավոր է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ