Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ է KFW-ն` գերմանական զարգացման բանկը, 100 միլիոն եվրո վարկ տրամադրել Հայաստանին մի էներգետիկ ծրագրի համար, որն ընդհանրապես հիմնավորված չէ

Նոյեմբեր 20,2015 17:02

Ուսումնասիրելով համացանցում առկա տեղեկատվությունը KfW բանկի կողմից ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի վերաբերյալ` կարելի է հեշտորեն հանգել այն եզրակացությանը, որ այդ ծրագիրը չունի տնտեսագիտական որևէ հիմնավորվածություն և այդ ներդրումները չեն ապահովի որևէ տնտեսական էֆեկտ: Ծրագրով նախատեսվում է կառուցել Հայաստան – Վրաստան նոր 400 կՎ լարման գիծ և հաստատուն տոկի ներդիր` ենթակայան, Վրաստանի հետ սահմանին: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով և ավարտել 2018թ.-ին: Այն պետք է թույլ տա իրականացնել տարեկան էլեկտրաէներգիայի ավելի քան 4-6 միլիարդ կՎտժ փոխհոսքեր ավելի հեշտացված ռեժիմում` չկղզիացնելով Հայաստանի կամ Վրաստանի էներգետիկ ցանցի որոշ հատվածներ նմանատիպ փոխհոսքերը ներկայիս պայմաններում իրագործելի դարձնելու համար: Թե ինչու ՀՀ Կառավարությունը վերցնում է այդ վարկը այն պարագայում, երբ ծրագրային ներդրումները խելամիտ ժամկետում ետ չեն գնվելու: Նույնիսկ սակավաթիվ տեղեկատվության հիման վրա կարելի է հարցականի տակ դնել այս ներդրումային ծրագրի արդյունավետությունը հետևյալ պատճառներով.

1.         2011-2014թթ.-ին Հայաստանը Վրաստանին մատակարարել է տարեկան կտրվածքով ոչ ավել, քան 50 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ Վրաստանը Հայաստանին` ոչ ավել քան 140 միլիոն կՎտժ: Այս փոխհոսքերը հեշտությամբ կարող են իրականացվել գործող 220 կՎ և 110 կՎ լարման գծերով, որոնք` կախված ռեժիմներից, կարող են ապահովել տարեկան մինչև 2.5-3 միլիարդ կՎտժ փոխհոսքեր: Հետևաբար, ինչու՞ է հարկավոր կառուցել մի նոր գիծ այն պարագայում, երբ փոխհոսքերի համար օգտագործվում է գործող գծերի թողունակության ոչ ավել, քան 5-10 տոկոսը:

2.         Կարճաժամկետում Հայաստանը չունի էլեկտրաէներգիայի պակասորդ և, հետևաբար, կարիք չունի էլեկտրաէներգիա գնել Վրաստանից: Տարբեր միջազգային կառույցների կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կարող է առաջանալ էլէկտրաէներգիայի պակասորդ մոտ 2020թ.-ին և այդ իսկ պատճառով Կառավարությունը ձեռնամուխ է եղել 250 Մվտ հզորությամբ նոր ջերմային բլոկի կառուցմանը: Հայաստանին ձմռանը հարկավոր է էժան էլեկտրաէներգիա ջերմային կայաններից կախվածությունը նվազեցնելու պատճառով, սակայն Վրաստանը ձմռանը էժան էլեկտրաէներգիա մատակարարել չի կարող, որովհետև ինքն էլ ունի պակասորդ: Վրաստանի ներքին ռեսուրսները բավարար չեն ձմեռային պահանջարկը բավարարելու համար և մեր հարևան երկիրը էլեկտրաէներգիա է գնում Ռուսաստանից և Ադրբեջանից: Ի դեպք, մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանին վճարում է այդ պահին էլեկտրաէներգիայի բորսայում ձևավորված սակագինը` մոտ 6-6.5 ամերիկյան ցենտ/կՎտժ-ի դիմաց, իսկ Ադրբեջանից գնում է 3-4 ցենտ/կՎտժ սակագնով: Ստացվում է մենք ոչ կարող ենք գնել Վրաստանից, ոչ էլ մատակարարել, քանի որ մեր օրենսդրական դաշտը պահանջում է, որպեսզի էժան էլեկտրաէներգիան մատակարարվի ներքին պահանջարկի բավարարման համար, իսկ ավելցուկը նոր արտահանվի: Ստացվում է, որ արտահանման համար հասանելի են միայն Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան, որի ամենաէժան 5-րդ բլոկի արժեքը կազմում է մոտ 7.5 ց/կՎտժ-ի դիմաց, այսինքն` ոչ մրցունակ է:

3.         Երկարաժամկետում Հայաստանն ու Վրաստանը նույնպես չունեն նմանատիպ մեծ թողունակությամբ բարձրավոլտ գծով միանալու անհրաժեշտություն: Վրաստանը ակտիվորեն կառուցում է նոր ջերմային հզորություններ իր ներքին պահանջարկը ձմեռային պիկային սեզոնին բավարարելու համար: Նույնիսկ եթե Հայաստանը կառուցի նո 1000 Մվտ հզորությամբ ատոմային էներգաբլոկ մինչև 2026թ.-ը, դրա էլեկտրաէներգիայի միավորի բերված տնտեսական արժեքը կազմելու է ոչ պակաս, քան 14 ցենտ/կՎտժ-ի դիմաց: Այդ սակագներով Հայաստանի էլեկտրաէներգիան Վրաստանին հարկավոր չէ: Բացի այդ, Վրաստանը կառուցում է բազմաթիվ նոր հիդրոէլեկտրակայաններ` ՀԷԿ, որոնք թեև սահմանափակ էլեկտրաէներգիա կարող են մատակարարել ձմռանը, միևնույնն է Հայաստանի նոր ԱԷԿ-ից էժան են լինելու:

4.         Բարձրավոլտ գծի նոր ծրագիրը նաև հակասում է հենց Կառավարության այն դիտարկմանը, որ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային էներգաբլոկի փոխարեն 600 ՄՎտ հզորությամբ բլոկն ավելի տնտեսապես շահավետ է: Սա նշանակում է, որ եթե Հայաստանը կառուցի նոր 600 Մվտ հզորությամբ ատոմային էներգաբլոկ, ապա ընդհանրապես չի ունենա էլեկտրաէներգիայի ավելցուկ արտահանման համար` բացառությամբ ամռան ամիսներին: Իսկ այդ ամիսներին Վրաստանն ունի հիդրոէներգիայի ավելցուկ և կարիք չունի գնելու հայկական էլեկտրաէներգիան:

5.         Նոր բարձրավոլտ գծի ծրագիրը նաև չի կարող հիմնավորվել էլեկտրաէներգիայի տարանցիկ վաճառքի գաղափարներով: ՀՀ Կառավարությունը պնդում է, որ այդ գծի և Իրան-Հայաստան նոր 400 կՎ գծի կառուցում թույլ կտա Վրաստանի հոսանքը տարանցիկ վաճառել Իրանին: Սա հնարավոր տարբերակ է, սակայն քիչ հավանական հետևյալ պատճառներով` (ա) Վրաստանում կառուցվող բոլոր նոր ՀԷԿ-ը կողմնորոշված են դեպի Թուրքիայի շուկա և պատրաստվում են մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, (բ) թուրքական շուկայի միջին սակագինը ավելի բարձր է, քանի Իրանին և, հետևաբար, բոլորին ձեռնտու կլինի էլեկտրաէներգիան վաճառել Թուրքիային, (գ) Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումից և վերացումից հետո այն կկարողանա արագորեն կառուցել նոր հզորություններ ամբողջովին ներքին ռեսուրսների հաշվին իր պահանջարկը բավարարելու համար: Իրանը ներկայումս էլ գրեթե չունի էլեկտրաէներգիայի պակասորդ: Հայաստանի հետ «գազ էլեկտրաէներգիայի սխեման» ավելի շատ ձեռնտու է Հայաստանին, իսկ Իրանի համար դա ավելի շատ քաղաքական գործարք է:

6.         Նոր բարձրավոլտ գիծը չի կարող արդարացվել նաև հայկական էլեկտրաէներգիան Վրաստանի միջոցով Թուրքային կամ այլ երկրներին վաճառելու հեռանկարներով: Հայաստանի արտադրած էլեկտրաէներգիան մրցունակ սակագին ունենալ չի կարող: Մենք արդեն իսկ ամորտիզացված կայանների էժան հոսանքը օգտագործելու ենք ներքին սպառման համար, իսկ նոր ջերմային, հիդրո կամ ատոմային կայանների էլեկտրաէներգիան չի կարող լինել ավելի էժան, քան նմանատիպ կայաններից արտադրվածը հարևան երկրներում հետևյալ պատճառներով` (ա) նոր ջերմային էներգիան Ադրբեջանում և Իրանում սուբսիդավորվում է գազի ցածր սակագնի պատճառով, (բ) Վրաստանի համար գազի ներմուծման միջին սակագինն ավելի էժան է և, հետևաբար, հնարավոր չէ, որ նոր վրացական ջերմային կայանն ունենա ավելի ցածր սակագին, քան հայկականը, (գ) Վրաստանի ցածրարժեք հիդրոէներգետիկ ռեսուրսների հետ Հայաստանի ջերմային կայաններն ու նոր հիդրոկայանները չեն կարող մրցակցել:

7.         Նոր գիծը հարկավոր չէ նաև հայաստանյան համակարգի հուսալիության համար: Այդ հուսալիության ապահովման համար կարելի է ընդամենը ուժեղացնել ներքին ցանցը և վերջ:

Ստացվում է, որ 100 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը սակավ պետական ռեսուրսների վատնում է և չունի որևէ տնտեսական հիմնավորում:

Ցավով պետք է արձանագրենք, որ 2008-2009թթ.-ի ֆինանսական ճգնաժամի ընթացքում KfW-ն կատարել էր մի բանկային փոխանցում` սննկացման իսկ օրը Լեման Բրազերս ներդրումային բանկին անտեղյակության պատճառով փոխանցել էր 319 միլիոն եվրո գումար, որը կարող էր չփոխանցել: Այդ դեպքից հետո KfW-ն անվանում էին Գերմանիայի ամենատկարամիտ բանկը: Ցավոք սրտի, KfW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք այս ծրագիրը նույնպես առաջացնում է այդ հուշերը:

 

«Արդյունավետ զարգացում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30