Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդների իրականացրած «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրին երեկ միացել են Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ու ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Բարեգործական ջոկատ»-ի հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը: Վերջինիս փոխանցմամբ, մարզի դատախազը իր անձնական միջոցներով գնել է 100 բացիկ, իսկ ոստիկանության մարզային կառույցը ձեռք է բերել 400 բացիկ ՝ այսպիսով փորձելով իրենց լուման ունենալ գյումրեցի մեկ անօթեւան ընտանիքի տնակի անմարդկային պայմաններից փրկելու գործում:
Ի դեպ, երիտասարդներն, այս ցուրտ օրերին դռնեդուռ ընկնելով, նույնիսկ փողոցներում կանգնելով ու անցորդներին խնդրելով, բացիկները վաճառում են խորհրդանշական գումարով. մի հատը 400 դրամով, որպեսզի հասցնեն դեկտեմբերին Գյումրիի անօթեւան մեկ ընտանիքի համար ձեռք բերել երկու սենյականոց բնակարան:
Նրանք երկու տարի շարունակ իրականացրել են այս ծրագիրը. 2013 թվականին 12 հազար դոլարով բնակարան էին ձեռք բերել նորակառույց Մուշ 2 թաղամասում՝ այն նվիրելով բնակարան ստանալու հույս չունեցող Ալեքսանյանների 5 անձից բաղկացած ընտանիքին: 2014 թվականին 11 հազար դոլարով բնակարան գնեցին Պողոսյանների ընտանիքի համար:
Կարդացեք նաև
Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի կեսերից ու կավարտվի դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ բարեգործական այս ծրագրին միացավ նաեւ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ գնելով 25 բացիկ: Նա այս պահին բարեգործությանը միացած միակ նախարարն է. գյումրեցիները հույս ունեն, որ բարձրաստիճան պաշտոնյաների օրինակը վարակիչ կլինի նաեւ մյուսների համար:
Հետաքրքրական է նաեւ այն, որ Շիրակի մարզի դատախազն ու ոստիկանապետը գյումրեցիներ չեն, սակայն այս տարվա բարեգործական ծրագրին մասնակցած մարզի առաջին բարձրաստիճան պաշտոնյաներն են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ