Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Երբ ասում են, թե Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լինել նախագահ կամ վարչապետ, ես ինչ-որ տեղ հավատում եմ»

Նոյեմբեր 20,2015 16:34

«Փաստարկ» մամուլի ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, խոսելով ներկայիս ՀՀ ներքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների շուրջ իր դիտարկումների մասին, արձանագրեց այն գործոնները, որոնք շատ ուժեղ ազդեցություն ունեն ներքաղաքական դաշտում, բայց՝ ընդհատակյա:

«Դրանք բացահայտ գործոններ չեն այլ առավելագույնս արտահայտվում են իրենց ներքին մոտիվացիաների մեջ: Առաջին՝ սահմանադրական փոփոխություններն ավելի շատ միտված են ուժերի վերադասավորությունը կանխելուն: Երբ ասում են, թե Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լինել նախագահ կամ վարչապետ, ես ինչ-որ տեղ հավատում եմ: Որովհետեւ խնդիրը ոչ թե անձի պահպանումն է, այլ Հայաստանում ներկա պահի իշխանական բալանսի պահպանումը:

Երկրորդ՝ ներկա պահին Հայաստանի ներքին վիճակը պայմանավորված է արտաքին այն գործոնով, որ մենք ներքաշված ենք մի տնտեսաքաղաքական կառույցի մեջ, որը շարունակաբար, ինչպես եւ կանխատեսել էինք, շարունակում է վնասներ բերել մեզ: Խոսքը տխրահռչակ ԵԱՏՄ-ի մասին է: ԱԺ բողոքներից սկսած, որ ԵԱՏՄ-ի մաքսատուրքերը տեղ չեն հասնում եւ վերջացրած նրանով, որ մենք կարող է Ղարաբաղի օդանավակայանը տրամադրենք ռուսական օդուժին, դրանք բոլորը Հայաստանին սպառնացող վտանգներն են, որոնք բխում են այդ միությանն անդամակցելուց:

Ինձ թվում է, որ անցումը նախագահականից՝ խորհրդարանականի, փորձ է նաեւ ԵԱՏՄ անդամակցության ինչ-որ հաշվեկշիռներ փոխելու: Որովհետեւ զուգահեռ բանակցություններ են ընթանում նաեւ ԵՄ-ի հետ: Որքան հաջող կլինի ներքաղաքական եւ արտաքաղաքական լուծումների այդպիսի հաշվեկշիռը, դժվար է կանխագուշակել: Կապրենք՝ կտեսնենք: Թեեւ ինձ թվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռուբլու կապվածությունը աստիճանաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսական վիճակի վրա՝ առաջացնելով սոցիալական նոր դժգոհություն:

Դրա համար կարծում եմ, որ սահմանադրական այդ հանրաքվեն, եւ այո-ի ու ոչ-ի շարժումները հրահրելուց առաջ պետք էր նաեւ մտածել, թե ինչ կարելի է անել սոցիալական պայթյունը կանխելու համար, որն ինչպես ասում են՝ սարերի հետեւում չէ», – ասաց տիկին Սեդրակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30