20 նոյեմբերի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում՝ «Միջազգային նոր իրադրությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով: Հրավիրված էին միջազգային հարցերի փորձագետ-վերլուծաբաններ, դեսպանությունների աշխատակիցներ, քաղաքացիական եւ հանրային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Սեմինար-քննարկումը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը:
«Ռուսաստանի ռազմական գործողությունը Սիրիայում եւ ազդեցությունը Մերձավոր Արեւելքում ու դրա շուրջ տարածաշրջանային գործընթացների վրա» թեմայով զեկույց ներկայացրեց քաղաքագիտության դոկտոր, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, Սիրիայում հակաահաբեկչական գործողություն իրականացնելով, Ռուսաստանը ռազմավարական կարեւորություն ունեցող երկու նպատակ է հետապնդում՝ ա/ աջակցել Ասադի վարչակարգի պահպանմանը եւ բ/ ամրապնդել դիրքերը Սիրիայում: «Որոշակի հաջողություններով հանդերձ՝ ռուսական կողմը՝ չունենալով ցանկալի արդյունքներ օդում, կամ պետք է ռազմական ներուժը տեղափոխի ցամաք, որն առճակատման գլխավոր թատերաբեմն է, կամ էլ դուրս բերի իր զորախմբերը: Կարծում եմ՝ հաջորդ փուլը կլինի ռազմական գործողությունների ուժեղացումը ցամաքում»,- նշեց Մինասյանը: Խոսելով Հայաստանի համար բացասական ազդեցությունների մասին, քաղաքագետն ընդգծեց, որ շարունակվող հակամարտությունը կթուլացնի հարավկովկասյան տարածագոտու նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը՝ տարբեր սադրանքներ հրահրելով:
Ի հայտ եկած նոր իրողություններում Ռուսաստանի դերի խնդրին անդրադարձավ ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ միջազգային մեկուսացումից դուրս գալու նպատակով հարկադրաբար սիրիական ճգնաժամի մեջ ներգրավված Ռուսաստանը ակամա դարձել է հակաահաբեկչական պայքարի կարեւոր դերակատար: «Այժմ բոլոր շահագրգիռ երկրների առջեւ Ռուսաստանը պայման է դրել ճշգրտել այն կազմակերպությունների ցուցակները, որոնք պետք է որակվեն իբրեւ ահաբեկչական: Դա տարածաշրջանային պետությունների համար քաղաքական դժվար ընտրություն կատարելու կացություն է ստեղծել»,- նշեց զեկուցողը՝ հավելելով, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ ձեւավորված միջազգային նոր հակաահաբեկչական դաշինքից մեկուսացումն առաջին հերթին սպառնում է Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային:
Կարդացեք նաև
Այնուհետեւ հաղորդագրությամբ հանդես եկավ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հավանությանն արժանացած՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին ու նրանից բխող հնարավոր մարտահրավերներին:
Վերջում զեկուցումների շուրջ ծավալվեց կարծիքների աշխույժ փոխանակություն:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ` ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը: