Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես շատ ոգևորված եմ «Իմ Հայաստան» ծրագրով». Ռիչարդ Միլս

Նոյեմբեր 20,2015 15:47

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Սմիթսոնյան ինստիտուտն ազդարարեցին «Իմ Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում:

«Ես շատ ուրախ ու ոգևորված եմ այսօր «Իմ Հայաստան» ծրագրով,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը.- անհավատալի մի հնարավորություն է սա Հայաստանի համար, որի հարուստ մշակութային ժառանգությունը, յուրօրինակ խոհանոցը, գեղատեսիլ բնությունն ու բարեհամբույր մարդիկ դարձնում են այն առանձնահատուկ վայր»:

Ծրագրի նպատակը, դեսպանի խոսքով, Հայաստանը համաշխարհային դասի զբոսաշրջային երկիր դարձնելն է. «Այսօր Հայաստանում տուրիստական շուկան նեղ է: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը մնում է մայրաքաղաքում և մեկ օրով է միայն այցելում հարակից վայրեր: Այսինքն՝ տուրիզմից ստացվող եկամուտները կենտրոնացած են հիմնականում Երևանում, իսկ այս ծրագիրն իր առջև խնդիր է դնում, որ տնտեսական այդ եկամուտները տարածվեն նաև մայրաքաղաքից դուրս: Դրա համար անհրաժեշտ է Երևանից դուրս ձևավորել տուրիստական վայրեր, ինչը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար, կդրդի նրանց այցելել նաև մարզեր և ավելի շատ գումար ծախսել գյուղական համայնքներում»,- ասաց Ռիչարդ Միլսը:

Hovik Abrahamyan«Դեսպանի խոսքն այնքան համոզիչ էր, որ եթե ես լինեի այլ երկրի քաղաքացի, անպայման ցանկություն կունենայի այցելելու Հայաստան»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն իր ելույթում նշեց, որ զարգացման տեմպերով ու արդյունքներով, զբոսաշրջությունը մեր երկրում առավել դինամիկ զարգացող ճյուղերից է. «2014 թ. Հայաստան է այցելել մոտ 1 մլն 204 հազար զբոսաշրջիկ, որը 11.3%-ով բարձր է 2013-ի ցուցանիշից»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Նա հույս հայտնեց, որ նոր մեկնարկած ծրագիրը կնպաստի աշխարհում Հայաստանի հոգևոր և մշակութային ժառանգության ներկայացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

Հավելենք, որ վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյանի կուրատորներն ու ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար:

Չորս տարի տևողությամբ ծրագրի արժեքը հինգ միլիոն դոլար է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30