Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանը վարչապետին՝ «Գորիկդ ինչո՞վ է զբաղված, Գորիկիդ ասա՝ զբաղվի» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 20,2015 15:42

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որը 4 հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքին է հետեւում եւ ամփոփագրեր կազմում, թե ինչպես է չարաշահվում վարչական ռեսուրսը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կոալիցիայի անդամներ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանն ու «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեցին 2-րդ ամփոփագիրը, որը վերաբերում է նոյեմբերի առաջին կիսամյակին:

Պարոն Բարսեղյանի խոսքերով՝ այս արատավոր երեւույթը՝ վարչական ռեսուրսի օգտագործումը բոլոր ընտրությունների ժամանակ նորություն չէ. «Այս անգամ էլ մեր վճարած հարկերով աշխատում է մեր դեմ, ընդդիմության դեմ: Տարբեր տեսակի չարաշահումներ ենք արձանագրել, որոնք այսպես, թե այնպես, ազդելու են հանրաքվեի վրա: Իրենց համար քիչ է, որ իրենց տարբեր լրատվական միջոցներով մարդկանց ուղեղներն են լվանում, հիմա էլ վարչական ռեսուրսներն են օգտագործում»:

Բարսեղյանի ներկայացմամբ՝ խախտումներից գլխավորներից մեկը, որը մեծ աղմուկ հանեց՝ նույնականացման քարտերով քվեարկելու իրավունքի արտոնումն էր՝ 500 հազարից ավելի մարդ, որի ստուգման գործիքները դիտորդական առաքելությունները, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձեռքին խիստ սահմանափակ են. «Մեծ է ռիսկը, որ մոբիլ խմբերով կարող են պտտվել տեղամասերով ու քվեարկել բացակա ընտրողների փոխարեն:

Լեւոն Բարսեղյանի փոխանցմամբ՝ մարզպետներն ու համայնքի ղեկավարները չարաշահում են վարչական ռեսուրսները: Օրերս էլ, ինչպես պատմեց Բարսեղյանը, Գյումրիում պետական աշխատողները աշխատանքային ժամերին մասնակցել են «Այո»-ի քարոզարշավին: Բարսեղյանն ասաց, որ երբ Մեղրիում հանդիպում են ունեցել քաղաքապետի հետ, հետո հեռացել են քաղաքից, 2 դիտորդ զանգահարել են եւ ասել, որ հրաժարվում են դիտորդի աշխատանքից՝ ռիսկեր կան:

Մանրամասն՝  տեսանյութում

Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ պաշտպանության նախարարն էլ է ներգրավված «Այո»-ի քարոզչությանը. «Մենք գիտենք, որ 95 թվականից ի վեր բանակը 7-ից 10% քվե է իշխանության գրպանում, ինչպես է քվեարկում բանակը՝ բոլորիս հայտնի է»:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ ասաց՝ ունեն փաստ, որ ՀՀ վարչապետը համակարգում եւ առաջնորդում է «Այո»-ի շտաբը, բոլոր մարզպետները նույն շտաբերի 2-րդ օղակն են. «Այս մարդիկ պաշտոնյաներ են եւ իրենց պաշտոնավարման շրջանակում իրականացնում են մեկ այլ գործողություն, որը խախտում է քվեարկության հարցի վերաբերյալ հավասարության պայմանները: Մարզպետները, որոնք շտաբ են ղեկավարում, նրանք պետական բյուջեից վարձատրվում են, սակայն իրենց ամբողջ ռեսուրսը ներդնում են «Այո»-ի անցկացմանն ուղղված միջոցներին. Իրենք իրենց գործունեության շրջանակներում ընկալվում են որպես պետական պաշտոնյա, այս ռիսկն առկա է եւ սա կոչվում է վարչական ռեսուրսի չարաշահում»:

Հարցին, որ չարաշահումների եւ խախտումների մասին ՀՀ վարչապետն ու ՀՀԿ մյուս անդամները հորդորում են փաստեր ներկայացնել, Լեւոն Բարսեղյանն ասաց. «Մենք փաստահավաք առաքելությունը չենք, դատարանի ֆունկցիան ձերն է՝ փաստերը հավաքելունը՝ մե՞րը: Միանգամից դատարանի ֆունկցիան էլ տվեք մեզ, դատենք- գնդակահարենք դրանց, պրծնենք: Մենք ահազանգեր ենք ներկայացնում, պարոն վարչապետ, փոխանակ քո ենթակա առընթեր ծառայություններին հանձնարարես հետաքննեն յուրաքանչյուր ահազանգ, ընդդիմությանն ասում ես՝ ինձ փաստ տուր, մարդը կոնկրետ ահազանգ է հնչեցրել: Էդքան ծառայություններ ունեք՝ ոստիկանություն, քննչական կոմիտե, ազգային անվտանգության հարց չէ՞ սա, Գորիկդ ինչո՞վ է զբաղված, Գորիկիդ ասա՝ զբաղվի»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30