«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը (լուսանկարում) Aravot.am-ի հարցին` արդյոք քարոզչության խախտումների վերաբերյալ ահազանգեր ստացե՞լ են, պատասխանեց. «Երկու օր առաջ Մարտունիում եմ եղել, մինչ այդ Գավառում և Արմավիրում: Ժողովուրդն ասում է, որ արդեն իրենցից ցուցակներ են ուզում դպրոցներում ու մանկապարտեզներում, վախենում են անվանական դիմել, ուղղակի մոտենում ու ասում են»:
Դառնալով Մարտունիում տեղի ունեցած հանդիպմանը տիկին Մուրադյանն ասաց. «Այն դահլիճում, որտեղ հանդիպում էինք ժողովրդի հետ, ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը հարց տվողներին հարցնում էր, թե դու որտե՞ղ ես աշխատում: Այսինքն՝ վարչական ռեսուրսն անընդհատ օգտագործվում է»:
Սուսաննա Մուրադյանը մտահոգություն հայտնեց նաև ուռճացված ցուցակների մասին: Ու նաև շեշտեց. «Միայն այն, որ վարչապետն է շտաբի պետ, մարզային ղեկավարներն են գլխավորում «այո»-ի տեղական շտաբերը, արդեն կանխակալ վերաբերմունք է առաջացնում հանրության մոտ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Գումարած մեր ստացած ահազանգերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ