Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք ԲՀԿ խմբակցության խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեցինք՝ Վարդան Այվազյանը դժգոհում է իր 500 հազար դրամ աշխատավարձից, որովհետեւ Բեյրութում պատգամավորները 8000 դոլար են ստանում, Դուք այդ առումով դժգոհություններ ունե՞ք եւ ի՞նչ կարծիք ունեք բյուջեի վրա պատգամավորների այն ծախսի մասին՝ գործուղումներ, ծառայողական մեքենաներ, որի մասին նիստերում խոսվեց:
Նա պատասխանեց. «Դա անձամբ իմ կարծիքը չի, հասարակությունն է խոսում, որ առաջնահերթ մեր երկրում պետք է բարձրացված լինեն այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր դրա կարիքը շատ ունեն: Այն մարդիկ, որոնք հիմքն են մեր պետության՝ մանկավարժները, մշակույթի ոլորտի աշխատողները, բժիշկները, թոշակառուները արժանի են ստանալ բարձր թոշակ, քանի որ ամբողջ կյանքում աշխատել են:
Ինչ վերաբերում է պատգամավորներին, մեր պատգամավորների մեծ մասն ունի հնարավորություններ եւ հույսն այդ աշխատավարձի վրա չի: ՀՀ-ն դեռ այնքան հզոր տնտեսություն չունի, որ այլ՝ զարգացած երկրների խորհրդարանականների աշխատավարձի չափ ստանան մեր պատգամավորները»:
ԵԽԽՎ պատվիրակության գործունեության հետ կապված հարցին Վահան Բաբայանն ասաց. «Պատվիրակության աշխատանքի գնահատականը պետք է տարբեր սանդղակներով նայել: Դա շատ բարդ աշխատանք է: Այն մարդիկ, որոնք թերահավատորեն են մոտենում եւ փորձում են պատվիրակության աշխատանքը թերագնահատել՝ դա անլուրջ է: Մեր պատվիրակները բոլորը իրենց գործին տիրապետում են: Բայց կա նաեւ հակառակորդ պետության կողմից հսկայածավալ լոբբինգի աշխատանքներ»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ իսկապես ԵԽԽՎ-ն վերածվում է Միլի մեջլիսի. «Ես երբ ԵԽԽՎ-ում եմ լինում, միջանցքներում շատ հաճախ լսում եմ մեր հակառակորդ երկրի անունը, զգում ենք, որ աշխատանքներ են տանում, բայց ոչ թե պատվիրակների կողմից, այլ՝ անհատների, լոբբինգ անողների: Բայց մենք կարո՞ղ ենք այնտեղ ունենալ լոբբիստների բանակ»:
Հարցին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հնարավոր էր ադրբեջանամետ Ուոլթերին փոխարինել Ֆրանսիայի պատվիրակով, ինչո՞ւ լավ չեք աշխատել՝ Վահան Բաբայանը պատասխանեց, որ եթե այդ տեսակետը դրսից հայտնեին՝ կհասկանար, բայց նա ներսի մարդ է. «Կոչ կանեի պարոն Զուրաբյանին նման հայտարարություններ չանել, որովհետեւ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որով կարող են դիվիդենտներ շահել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ