Լրահոս
Օրվա լրահոսը

«Շմայսի մակարդակի մարդ». Փոստանջյանը՝ Մանվել Բադեյանի մասին

Նոյեմբեր 20,2015 14:07

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ԱԺ նիստում 2016-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ նիստից 2 ժամ առաջ Զարուհի Փոստանջյանը գտնվել է ԱՄՆ դեսպանատանը, որտեղ կոնկրետ հարցին՝ արդյոք դու արյունահեղության կողմնակի՞ց ես, արյո՞ւն ես ուզում, պատասխանել էր՝ այո, ես արյուն եմ ուզում. «Իսկ հարցին՝ պատրա՞ստ ես քո արյունը տաս, պատասխանել էր՝ ոչ: Այսինքն, նա պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի»:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կատարվել իրականում: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Շմայսի մակարդակի մարդու հայտարարությունը ընդունել որպես լուրջ եւ դիվանագիտական շրջանակներում որպես քննարկված թեմա… շատ եմ ցավում, որ դա ձեր համար լուրջ է ընկալվել: Մանվել Բադեյանը Շմայսի մակարդակի հայտարարություններով է հանդես գալիս»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ Դուք ԵԽԽՎ պատվիրակության կազմում եղել եք նախկինում, ձեր գնահատականը ԵԽԽՎ ներկայիս պատվիրակության հետ կապված ինչպիսի՞ն է: Նա պատասխանեց. «Մեր հիմնական պատասխանատուն անպատասխանատու դիրքորոշում է ցուցաբերել: Երբ տարիներ շարունակ դու դրսեւորում ես անպատասխանատու վարքագիծ, հետագայում դա ամրագրվում է եւ դատարանում ե՛ւ վեհաժողովում: Ցանկալի է, որ պատվիրակությունն ավելի եռանդուն աշխատի, բայց պատվիրակությունը չի կարող անջատ գործել՝ առանց արտաքին դիվանագիտության պատասխանատու այդ ինստիտուտի հետ: Արտաքին դիվանագիտությունը պետք է լինի առաջատարը: Պատասխանատուներն են այդ գծով ՀՀ նախագահը եւ արտգործնախարարությունը»:

Ըստ Զարուհի Փոստաջյանի, նրանք որեւէ գործունեություն չեն ծավալել, չեն աշխատել. «Մենք երկու դեսպանություններ ունենք Ֆրանսիայում, մեկը՝ Ստրասբուրգում, մեկը՝ Փարիզում, Բրյուսելն էլ հեռու չէ: Մենք հսկայածավալ հայ համայնք ունենք Փարիզում, կարող էին կազմակերպել եւ նրանք ներկա լինեին դրսում եւ նաեւ դահլիճում: Նույնիսկ դա չի ապահոված եղել, որպեսզի նրանք ճնշում գործադրեին այն 24 պատվիրակների վրա, որոնք կողմ են քվեարկել: Ինչքան էլ նրանք խավիարակերներ են, բայց վախենում են իրենց ընտրողներից: Պատվիրակության անդամը կարող էր գործած լինել ոչ լիարժեք, բայց դրա համար նաեւ պետությունը պետք է իր մասնակցությունը բերեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30