ԱԺ ճեպազրույցներ ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ ԵԽԽՎ պատվիրակության գործունեության արդյունավետության խնդրին, որի հետ կապված ԱԺ նիստերի ընթացքում հարց էր բարձրացրել Նիկոլ Փաշինյանը:
Երեկ էլ արտգործնախարարի հետ պատգամավորերը փակ քննարկում են ունեցել այս թեմայով՝ պարզելու, թե ինչ ռազմավարություն են իրենք ընդունելու հակահայկական հայտնի բանաձեւի ընդունումից հետո:
Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Եթե ԵԽԽՎ-ի նստաշրջաններն հետեւել եք, երեւի տեսել եք, թե նախանցած նիստում ինչ հաջողություններ ունեցանք: Իմ մասնակցությունը եղել է այնքան ակտիվ, որ Գալուստ Սահակյանը եւ Հերմինե Նաղդալյանը հարկ են գտել հրապարակավ շնորհակալություն հայտնել եւ դրա մասին խոսել: Իսկ դա հենց այնպես չի արվում: Անգամ մեր ներքին քաղաքական հակառակորդները գնահատել են իմ աշխատանքն այդ ուղղությամբ: Ես ասել եմ, որ հնարավոր էր փոխել զեկուցողին՝ Վոլտերին՝ Մինիոնով եւ փոխել վերնագիրը, որը նոր զեկուցողը կարող էր անել: Կար դրա հնարավորությունը, եթե մենք շուտ սկսեինք դրան հասնել՝ կլիներ: Բայց պատվիրակությունը, իշխանությունների թելադրանքով, կենտրոնացավ զեկույցի մերժման պլանի վրա, որը ի սկզբանե ասել էի՝ իրատեսական չի: Չարեցին դա, հետո սկսեցին բոյկոտել ԵԽԽՎ-ում, հրաժարվել համագործակցությունից, որի համար պատժամիջոցներ սկսեցին կիրառվել, ինչի մասին ես նույնպես ասում էի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ