Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս շաբաթ ԱԺ նիստում քննարկվեց, թե հայ պատգամավորներն ինչքան են ուտում, ինչքան են ծախսում եւ ինչ են արժենում մեր պետբյուջեի վրա, Դուք էլ եք խմբակցության ղեկավար եւ Ձեզ էլ է կցված ծառայողական մեքենա, որքա՞ն ծախս է լինում կոնկրետ Ձեր օրինակով եւ չե՞ք պատրաստվում հրաժարվել Ձեզ կցված մեքենայից:
Նա պատասխանեց. «Մենք դիմել ենք հատուկ նամակով այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ բացատրելով, որ դա շատ թանկարժեք մեքենա է, հաշվի առնելով բյուջեի խնդիրները: Մենք առաջարկել ենք, որ պակաս թանկարժեք մեքենա առնեն: Մեզ մերժել են՝ տալով տարօրինակ պատասխան, որ նոր, քիչ արժեցող մեքենաները ավելի թանկ կնստեն պետության վրա: Մենք ստիպված այդ գործն անում ենք այնպես, ինչպես իրենք են առաջարկում»:
Ինչ վերաբերում է մեքենայից առհասարակ հրաժարվելուն եւ օրինակ ծառայելուն մյուսների համար, նա ասաց. «Մենք դա անհեթեթություն ենք համարում: Ուրեմն պիտի հրաժարվեինք պրինտ ընդունել, ԱԺ-ի կոմպյուտերներից օգտվել: Իմանալով, որ մեքենաները թանկ են, մենք առաջարկել էինք այն փոխել: Այն ժամանակ ասում էին, որ մեքենան արժեր 42 հազար դոլար, որը շատ թանկ է: Մենք ասում էինք, որ մեկ-երկու դաս ցածր մեքենա առնենք: Մեքենայի կարիք կա հանձնաժողովում, բայց վստահ ենք, որ դա կարելի էր անել ավելի փոքր ծախսերով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ