«Որոշ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս ոչ թե զբաղվել քաղաքականությամբ, այլ ժամանակին խմել իրենց դեղերը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Զարուհի Փոստանջյանի այն կոչերին, որ եկեք դառնանք դեւ եւ կուլ տանք այս իշխանությանը:
Հարցին՝ ՀՅԴ-ն ասում է, որ ոչ թե իրենք են ձեզ միացել Սահմանադրական փոփոխությունների հարցում, այլ դուք իրենց, հիմա ո՞վ է ում միացել՝ նա պատասխանեց. «Որեւէ մեկը մյուսին չի միացել, մենք միացել ենք ժողովրդի կարծիքին»:
Լրագրողները փոխանցեցին նաեւ Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ դեկտեմբերի 6-ին իշխանությունները շատ ծանր վիճակում են հայտնվելու, եթե կեղծիքներ անեք՝ առաջացնելու եք ժողովրդի ցասումը: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Էս 15 տարի է՝ օրեր ենք լսում՝ դեկտեմբերի 6, նոյեմբերի 1, աշուն, գարուն: Լեւոն Զուրաբյանի մեջ մանկություն է արթնացել, դա իր մանկական երազանքն է: Մի քիչ երկար է իր մոտ մանկությունը տեւում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ