ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները եւ Հայաստանի կրթական համակարգի պատասխանատուներն այսօր մասնակցեցին «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի քննարկմանը: Նախագիծը վերջին ամիսներին մշակել է Կրթության եւ գիտության նախարարությունը:
«Այն իր առջեւ դրել է համակարգի 10-ամյա զարգացման հեռանկար, ինչը նաեւ միջազգային տենդենց է: Ազգային կրթական համակարգը պետք է ընդգրկի քաղաքացու զարգացման բոլոր հնարավորությունները՝ կրթության եւ գիտելիքի միջոցով: Մեր եւ միջազգային փորձագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կրթության ոլորտի բարեփոխումներում ոչ մի ռազմավարական սխալ չի արել: Մեր բարեփոխումները համահունչ են միջազգային չափանիշներին: Այլ է հարցը, որ միշտ չէ, որ անում ենք հստակ եւ բացարձակ ճիշտ քայլեր, բայց ընտրված ճանապարհն ամբողջությամբ ներառում է կրթական համակարգի զարգացման լավագույն օրինակները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Խոսելով կրթական համակարգի առկա խնդիրներից՝ նա ասաց. «Մեր ամբիցիաներն ու հավակնություններն ավելի մեծ են, քան այդ պահի դրությամբ առկա ռեսուրսները: Մենք ազգովի եւ ես էլ ուզում ենք ամեն ինչ ու միանգամից, բայց ցավոք դա հնարավոր չէ: Հին Հռոմում առկա այդ բանաձեւը կրթության ոլորտում չի աշխատում: Այնուամենայնիվ, մենք իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները՝ խնդիրներով եւ դժվարություններով: Օրինակ՝ 12-ամյա կրթության համակարգը գործում է եւ կկատարելագործվի»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագիծը մասնագիտական քննարկումներից հետո կդրվի հանրային քննարկման, ինչից հետո կներկայացվի Ազգային ժողովին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ