Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքը դրական է անդրադարձել ընկերության գործունեության վրա։ Նոր սեփականատիրոջ ձեռնարկած միջոցառումները սկսել են արդյունք տալ։
Չնայած բաշխիչ ցանցերի վաճառքից շատ ժամանակ չի անցել, այնուհանդերձ զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես համակարգում եղած կորուստների կրճատման առումով։ Մասնավորապես վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում դրանք նկատելիորեն նվազել են։ Պետք է ենթադրել, որ միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում։ Առավել եւս որ այդ առումով նոր սեփականատիրոջ կողմից նախատեսվող հիմնական միջոցառումները դեռեւս նոր պետք է իրականացվեն։
Թեեւ վերջին մեկ-երկու ամիսների կորուստների վերաբերյալ պաշտոնական տվյալներն առայժմ չեն հրապարակվել, այնուհանդերձ խոսքը դրանց մինչեւ 1,5-2 տոկոս կրճատման մասին է։ Դա կարեւոր գործոն է ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը բարելավելու հարցում։
Կորուստների բարձր մակարդակը ոչ միայն մեծացնում է ճնշումը սակագների վրա, այլեւ ֆինանսական բարդություններ է ստեղծում ընկերության համար։ Նաեւ դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ վերջին տարիներին բաշխիչ ցանցերը հայտնվել է պարտքային լուրջ դժվարությունների առաջ։ Ինչպես հայտնի է, ընկերության պարտավորությունները հասնում են մի քանի հարյուր միլիոն դոլարի։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, վաճառքից հետո գնորդը պարտավորվել է առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Այսօր այդ առումով իրականացվող քայլերը պետք է դիտարկել նաեւ այդ պարտավորությունների շրջանակներում։ Ի դեպ, նոր սեփականատերը պարտավորվել է թույլ չտալ առեւտրային կորուստների ավելացում ընթացիկ սակագնային տարվա համեմատ։ Ավելին՝ առաջիկա 5 տարվա ընթացքում վերջինս պետք է ներդնի միջազգային այնպիսի ստանդարտներ, որոնք շոշափելիորեն կբարելավեն ընկերության կառավարման որակը։
Բաշխիչ ցանցերում կորուստների կրճատումն առաջին հայացքից պետք է հանգեցնի սակագների նվազեցման։ Հայտնի է, որ բարձր սակագների առկայությունը երբեմն անմիջականորեն կապվում է այդ գործոնի հետ։
Պարզվում է, սակայն, որ գոնե այս փուլում այնքան էլ այդպես չէ։ Դրա համար կան լուրջ պատճառներ։ Այդ մասին անցած օրը խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Խնդիրը շատ ավելի խորքային է, քան արտաքուստ երեւում է։
Որքան էլ վաճառքից հետո նկատվում է կորուստների կրճատման միտում, այնուհանդերձ դա դեռ չի հասել այն մակարդակին, որ հնարավորություն տա քննարկել սպառողներին մատակարարվող հոսանքի սակագների նվազեցման հարցը։ Պատճառն այն է, որ հաստատված սակագներում ամրագրված կորուստների մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան մինչեւ այժմ համակարգում եղած փաստացի ցուցանիշներն են։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում