ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը վստահ է, որ սահմանադրության փոփոխությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանության մեջ: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս առիթով նա մանրամասնեց. «Երբ խոսում ենք սահմանադրական փոփոխություններից, մոռանում ենք մի բան. եթե տեղի չեն ունենում այս փոփոխությունները, ՀՀԿ-ն չի՞ վերարտադրվելու: Չկա կասկած, որ վերարտադրվելու է: Այլ հարց է՝ մնալու է Սերժ Սարգսյանը, թե՝ ոչ: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանության, այլ հեռանալու է իշխանությունից: Ինքը գոնե բազմիցս պնդել է այս մասին, և չեմ կարծում, որ մարդ կարող է ամբողջ հասարակության առաջ կանգնի, հայտարարի, հետո հրաժարվի իր խոսքից»:
Պարոն Զուրաբյանը նաև հանգիստ է վերաբերվում այն մտահոգություններին, որոնք կապված են գերագույն գլխավոր հրամանատար չունենալու մտավախության հետ: Նա ասաց. «Սահմանադրությունն այդ հարցերի պատասխանները տալիս է: Ես չեմ տեսնում որևէ բարդություն՝ ասենք ՀՀ նախագա՞հը, թե՞ վարչապետն է այդ գործընթացները ղեկավարելու: Այս հարցն այստեղ լուծում ստանում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ